Մատչելիության հղումներ

«Հայոց արծիվներ»-ի տարածքային ղեկավարը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար


Մայիսի սկզբին ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը բացահայտել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրանյութ ներկրելու փորձ: Գործով կասկածվում եւ կալանավորվել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Արմավիրի մարզի տարածքային կառույցի երիտասարդ ղեկավար Դավիթ Կիրակոսյանը: Կասկածյալի փաստաբանը նշում է, որ Դավիթն անհիմն է մեղադրվում թմրանյութեր ներկրելու մեջ:

Դավիթ Կիրակոսյանի փաստաբան Վաչե Քոսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ մաքսային ծառայության հայտնաբերած թմրանյութեր ու հոգեմետ դեղեր պարունակող ծանրոցը ուղարկված է եղել Դավիթի հորաքրոջ տղայի անունով, իսկ ուղարկողը նրա ֆրանսաբնակ եղբայրն է, ով տարվա ընթացքում մի քանի անգամ ծանրոցներ է ուղարկում անապահով վիճակում գտնվող հորաքրոջ ընտանիքին:

Պաշտպանական կողմն առաջարկել է օրենքով սահմանված կարգով` գրավի դիմաց ազատ արձակել Դավիթին, ինչը վերաքննիչ դատարանում մերժվել է:

«Հայոց արծիվներ» կազմակերպության հիմնադիր-ղեկավարը Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն է, ով «չի հավատում, թե Դավիթը կարող էր նման գործունեություն ծավալել»:

Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի փոխանցմամբ` Դավիթ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, գործով նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG