Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Կառավարությունն ակտիվացրել է գործարարության խթանման քաղաքականությունը»


«Կառավարությունն ակտիվացրել է գործարար միջավայրի կտրուկ բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ողջույնի խոսքով հանդես գալով Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի 4-րդ համագումարում:

Նախագահի խոսքերով` դրա վկայությունն են այն նախաձեռնությունները, որոնցով հանդես է գալիս կառավարությունը վերջին ամիսների ընթացքում, այդ թվում «փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, այդ մարմինների աստիճանական անցումը սկզբունքորեն նոր աշխատաոճի, գերավճարների խնդրի լուծումը, սարքավորումների ներկրման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հետաձգումները, նորարարական արտադրություն հիմնելու դեպքում շահութահարկից ազատելու պատրաստակամության մասին հայտարարությունը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացի սկիզբը»:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ պատասխանատվության գիտակցմամբ ձեւավորվող աշխատանքային նոր ավանդույթներ ստեղծելու անհրաժեշտության մասին` ընդգծելով. - «Անընդունելի են այն երևույթները, երբ ձեռներեցը երկար-բարակ մտածում ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար կամ չարաշահում է իր գերակշռող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար: Հատկապես անհասկանալի է նման վարքը մեծ տնտեսավարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց չափերի ու շրջանառության շնորհիվ առավելություն ունեն: Չվճարված հարկերը մեր կրթության ու առողջապահության բնագավառից գողացված գումարներ են, հետևաբար եւ` հարված մեր ժողովրդի ապագային»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG