Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին նոտարի մատուցած վճարովի ծառայության սակագները:

Լրագրողների հետ զրույցում պարզաբանելով քայլի նպատակը` արդարադատության առաջին փոխնախարար Գրիգորի Մուրադյանը ասաց. - «Նախագիծը նպատակ ունի բարեփոխել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների համար սահմանված սակագների չափերը եւ գանձման կարգը: «Մասնավորապես, գործող որոշմամբ վճարովի ծառայությունները շատ ընդհանրական են ձեւակերպված, որը բացառում է կոնկրետ ծառայության համար որոշակի հստակ գումար գանձելու հնարավորությունը, իսկ նախագծով նախատեսվում է հնարավորինս մանրամասն սահմանել մատուցվող բոլոր ծառայությունները եւ դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսել առանձին սակագին` հաշվի առնելով ինչպես տվյալ նոտարական գործողության բարդությունը, այնպես էլ նոտարի պատասխանատվության ռիսկի աստիճանը»:

Գործող որոշման մեջ օգտագործվում է «առանձնապես բարդ գործարք» հասկացությունը, որը, ըստ էության, նոտարին հնարավորություն էր ընձեռում ցանկացած գործարք իր հայեցողությամբ դիտարկել որպես այդպիսին եւ առավելագույն գումար գանձել դրանց վավերացման համար:

«Նախագծով նախատեսվում է ընդհանրապես վերացնել առանձնապես բարդ գործարքների համար սահմանված առանձին սակագները: Սահմանվում է նաեւ, որ նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարն իր մեջ ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլեւ օրինակելի ձեւերի տրամադրումը: Նոտարական գործողությունների դիմաց վճարների չափերն առանձին դեպքերում մոտեցվել են նոտարական առանձին գործողությունների բարդությամբ պայմանավորված գործնականում կիրառվող չափերին կամ դրանցից պակաս չափի` նպատակ ունենալով լիարժեքորեն բացառելու որեւէ այլ հավելյալ վճարի գանձումը նոտարի կողմից»:

Հարցի մասին իր տեսակետը հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. - «Ցավով պետք է նշեմ, որ դեռեւս մեր մոնիտորինգի արդյունքները գոհունակության տեղ չեն տալիս: Նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են եւ այդ իրավիճակը պետք է շտկենք հնարավորին չափ կարճ ժամկետում»:

«Նոտարական ծառայությունների մասին քաղաքացիների դժգոհություններից արդարադատության նախարարությունը շատ լավ իրազեկ է», - ասաց փոխնախարար Մուրադյանը` շարունակելով. - «Մենք մի շարք քայլեր ենք մշակել այդ ուղղությամբ: Օրինականության վերահսկողության ստեղծվելիք տեսչությունը, որը արդեն կազմավորվում է, պետք է խստագույնս վերահսկի նոտարների կողմից օրենքի պահանջների պահպանումը»:

Նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանի հայտարարության կապակցությամբ, թե պետական շատ չինովնիկներ չեն վճարում պետտուրքը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանն ասաց հետեւյալը. - «Նոտարիատի բաժինը, որը վերակազմակերպվեց, հենց պետք է զբաղվեր վերահսկողությամբ, որպեսզի պետական տուրքերը վճարեին բոլորը, որովհետեւ բոլորը հավասար են օրենքի առջեւ: Հետեւաբար` արդեն իսկ ինքը իր հարցի պատասխանը տվեց: Եվ միգուցե այդ վերակազմակերպման հիմքերից մեկը դա էր, որ պատշաճ վերահսկողություն չէր իրականացվում, այնինչ այդ բաժնի գերխնդիրը հենց դա էր»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդոք բաժնի պետին աշխատանքից ազատելով կլուծվի հարցը, փոխնախարարը պատասխանեց. - «Գաբոյանին աշխատանքից ազատելու խնդիրը չէ այստեղ: Ամբողջ կառուցվածքը նախարարության բարեփոխվել է… Խնդիրն այն է, որ հիմա տարանջատվել են վերահսկողական եւ օրենքի մշակման գործառույթները, եւ երկու առանձին ստորաբաժանումներ են զբաղվելու դրանով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG