Մատչելիության հղումներ

Զեկույց. Հայաստանը` տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիր


Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է, փաստում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի` չորեքշաբթի օրը հրապարակած հերթական զեկույցը:

Ուսումնասիրության հիմքում ընկած են տասնյակ ցուցանիշներ` ներքին ու արտաքին հակամարտություններից մինչեւ համագործակցությունը հարեւանների հետ, հանցագործների թիվն ու ռազմական կարողությունների ամրապնդումը:

Մասնագետները, մասնավորապես, պնդում են, որ խաղաղասիրության մակարդակը ավելանում է` մարդկանց եկամտի, կառավարության թափանցիկ աշխատանքի ու լավ կառավարման հետ:

Ըստ այդմ, Հայաստանը անցած տարվա ընթացքում 4 կետով բարելավել է դիրքերը եւ այժմ զբաղեցնում է 109-րդ հորիզոնականը` 153 երկրների շարքում:

5-բալլանոց համակարգով, որտեղ 1-ը լավագույն արդյունքն է, 5-ը` ամենավատը, Հայաստանը վատագույն 5 միավոր է ստացել հարեւան երկրների հետ հարաբերությունների առումով, 4 միավոր` զենքի մատչելիության, 3-միավոր` քաղաքական անկայունության ու հանցագործությունների տարածվածության սանդղակում:

Ներքաղաքական ոլորտում, ըստ միջազգային փորձագետների, ամենից շատ զարգացած են քաղաքացիական ազատությունները. Հայաստանի քաղաքացիները գոնե կիսով չափ ազատ են` տեսակետների արտահայտման, հավաքների կազմակերպման կամ դաշինքներ ստեղծելու հարցում:

Փոխարենը` մտագոհիչ է իրավիճակը, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում, որն ամենացածր` 2.6 միավորն է ստացել լավագույն 10 միավորի պարագայում:

Մի փոքր ավելի բարձր, սակայն կրկին մտահոգիչ գնահատականի են արժանացել կառավարության գործունեությունն ու այն վերահսկելու` քաղաքացիների կարողությունը, ինչպես նաեւ Հայաստանում առկա քաղաքական մշակույթը:

Ադրբեջանը ցուցակում զբաղեցրել է 122-րդ հորիզոնականը` Հայաստանին զիջելով գրեթե 10 կետով, Թուրքիան` 127-րդ, Վրաստանը` 134-րդ:

Թեեւ Վրաստանը զիջում է հարեւաններին, այդուամենայնիվ, անցած մեկ տարվա ընթացքում աշխարհում ամենից արագն է առաջընթաց արձանագրել եւ բարելավել է իր դիրքերը 12 կետով:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, աշխարհի ամենախաղաղասեր 5 երկրներն են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Դանիան եւ Չեխիան:

Հարեւանների ու աշխարհի նկատմամբ թշնամական վերաբերմունքով առանձնացել եւ ցուցակի վերջին հորիզոնականներն են զբաղեցրել Հյուսիսային Կորեան, ԱՖղանստանը, Սուդանը, Իրաքն ու Սոմալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG