Մատչելիության հղումներ

Նոտարիատի բաժնի նախկին պետը «պատվեր» է որակում բաժնի վերակազմակերպումը


Նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյան

Նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյան

Արդարադատության նախարարության Նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը պնդում է, որ ինքը անարդար կերպով է զրկվել իր պաշտոնից:

Մայիսի 19-ին Արդարադատության նախարարի որոշմամբ «վերակազմակերպվել» է Նոտարիատի բաժինը: Բաժինը 21 տարի ղեկավարող Մարիամ Գաբոյանը եւ երկու աշխատակիցներն անցել են «կադրային ռեզերվ»:

Գաբոյանը չորեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց, որ խիստ վիրավորված է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից, որը նրան, իր խոսքով, այդպես էլ չընդունեց ու չլսեց:

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարության մամուլի բաժնից, նախարարությունում կառուցվածքային բարեփոխումներ են տեղի ունենում, դրանք այս պահին դեռ չեն ավարտվել, ու ըստ այդ բարեփոխումների` նոտարական մարմինը վերակազմակերպվել է: Գաբոյանը, մինչդեռ, վստահ է, որ այդ արարքը ինչ-որ մեկի պատվերն է:

«Ես ձեզ միայն մեկ բան եմ ցանկանում, որ դուք բարեփոխումների արդյունքը ձեր հարազատների հետ միասին ձեր կաշվի վրա զգաք», - ասաց նա այդ առնչությամբ:

Մարիամ Գաբոյանի մամուլի ասուլիսի ժամանակ բացի լրագրողներից եկել էին նաեւ Գաբոյանի հետ առնչություն ունեցած քաղաքացիներ, ովքեր բողոքում էին համակարգի կոռումպացվածությունից եւ Գաբոյանի ապօրինություններից: Ասուլիսի ընթացքում վեճ ծագեց նրանց միջեւ: Գաբոյանը հերքում է կոռուպցիոն ռիսկերի առկայությունը նոտարական համակարգում, իր խոսքով` իրենք մինչեւ այսօր արդար են աշխատել:

«Կոռուպցիան վերաբերում է պաշտոնատար անձին: Նոտարը պաշտոնատար անձ չէ: Ես որպես իրավաբան, ասել եմ եւ պնդելու եմ, որ կոռուպցիա գոյություն չունի, որովհետեւ եթե կարծում եք, որ մեկի շահերը խախտվել են, 5000 դրամի փոխարեն գանձվել է 7000 դրամ, դա արդեն սպառողի շահերի խախտում է: Գրագետ իրավաբանը դա կիմանա», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, նա նաեւ հերքեց անցյալ հոկտեմբերին ԱՄՆ-ի առողջապահական համակարգից 163 միլիոն դոլար կորզելու համար ձերբակալված հանցավոր խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանի` «Պզոյի» գործում իր և իր գործընկերների մասնակցությունը:

«Ես նոտար չեմ, երբեւէ նոտարական կնիք չեմ ունեցել, երբեւէ որեւէ գործարք չեմ արել: Աշնանը, երբ այդ մասին խոսում էին, որեւէ մեկը չասեց, թե Գաբոյանի անունն է շոշափվում: Ասացին, թե պետք է գան նոտարական գրասենյակները ստուգելու: Նոտարի մոտ ի՞նչ պետք է ստուգեն` տեսնեն Պզոն առքուվաճառք արե՞լ է, գույք գնե՞լ է Հայաստանում: Այն ժամանակ էլ իմ անունը երբեք չի շոշափվել, հիմա պատվերով իմ անունը շոշափվում է այդ գործի հետ կապված», - ասաց Գաբոյանը:

Մարիամ Գաբոյանը ասաց, որ Արդարադատության նախարարության հետ այլեւս ոչ մի առնչություն չի ուզում ունենալ:

Նախարարության մամուլի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ նախարարությունում ստեղծվել է օրինականության վերահսկողության տեսչություն, նախարարը անձամբ խոստացել է հետեւել ընթացքին, եթե նոտարների գործողություններում կլինեն քրեորեն հետապնդվող արարքներ, դրանք պիտի պատժվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG