Մատչելիության հղումներ

«Դպրոցական սնունդ»` մարզերի դպրոցներում


Խոցելի ընտանիքների բեռը թեւթեւացնելու նպատակով` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում նախորդ տարվանից իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակներում հանրապետության 6 մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 50.000 աշակերտներ ստանում են տաք շիլա, ապուր եւ հաց:

Ծրագրի հեղինակների կարծիքով` երեխային դպրոցում կերակրելը նպաստում է նաեւ նրա կենտրոնացմանը դասապրոցեսի վրա, բացի այդ, դպրոցում գտնվելու ժամանակ երեխաները քաղցած չեն մնում, հաճախումները դառնում են առավել:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շուրջ 45 տարի առաջ է սկսել իրականացնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել սովը դպրոցական երեխաների շրջանում: Հայաստանում ծրագիրը մեկնարկել է 2010թ-ի հոկտեմբերին Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերից:

«Կայուն դպրոցական սնունդ ծրագիր Հայաստանում» խորագրով երկօրյա խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ծրագիրը կարեւորում է ինչպես կրթական, այնպես էլ առողջապահական եւ գյուղատնտեսական տեսանկյուններից:

Այս տարի ծրագրում ընդգրկված է ավելի քան 150 դպրոց: 2013-2014-ին նպատակ կա ընդլայնել ծրագիրը` դպրոցական սննդով ապահովելու շուրջ 140 հազար աշակերտների: Եռամյա ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար ներդրվել է 4մլն դոլար գումար:

Պարենի համաշխարհային ծրագրի 2009-ի հաշվարկային տվյալների համաձայն` ողջ աշխարհում միջին հաշվով 66 միլիոն դպրոցականներ բավարար չեն սնվում: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրից ամեն տարի օգտվում է աշխարհի 70 երկրների ավելի քան 20 մլն երեխա:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG