Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. «Երկխոսության թեման լինելու է իշխանության հանձնման պրոցեսը»


ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը ասում է, որ իշխանությունների հետ իրենց երկխոսությունը լինելու է միայն իշխանափոխության, իշխանությունը հանձնելու գործընթացի վերաբերյալ:

«Այն, որ մենք գնում ենք երկխոսության, չկարծեք, թե դա մեր խնդրանքն է, մեր ցանկությունը: Մենք ընդամենը դրել ենք կոշտ պայմաններ, եւ եթե դրանց դեպքում իշխանությունը համաձայն է երկխոսելու, մենք պատրաստ ենք երկխոսելու: Ընդ որում` բաց հայտարարում ենք, որ երկխոսության թեման լինելու է հանգիստ, անցնցում, առանց կորուստների իշխանության հանձնման պրոցեսը: Այստեղ բնականաբար, կարող ենք քննարկել ժամկետի, ձեւի խնդիրը», - հայտարարեց Մանուկյանը չորեքշաբթի կայացած ասուլիսին:

Արամ Մանուկյանը իշխանությունը հանձնելու ձեւը համարում է արտահերթ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունները:

«Մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, ամեն ինչ անելու ենք արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու համար` նախագահական եւ պառլամենտական», - ասաց Մանուկյանը` հավելելով, թե առաջինը նախագահական ընտրություններն են լինելու:

Այն դիտարկմանը, թե` այսինքն Հայաստանի իշխանությունները ընդդիմության հետ երկխոսություն են սկսելու իշխանությունը հանձնելու համար, Արամ Մանուկյանը պատասխանեց.- «Իհարկե, դուք չեք տեսնո՞ւմ` ինչ է կատարվում Հյուսիսային Աֆրիկայում: Եվրոպական միջազգային կառույցների փոփոխության վրա լուրջ ազդեցություն են թողել Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի գործընթացները: Այսօր ոչ մի եվրոպական եւ միջազգային կառույց ռեժիմներին եւ բռնապետություններին չի ուզում հանդուրժել, եւ դա այսօր համընկել է ՀԱԿ-ի քաղաքականության հետ: Եվ դա է պատճառը նաեւ, որ իշխանությունները այդքան փափուկ են»:

Մանուկյանի խոսքով` «իշխանության փափուկ հանձնելը» օգտակար է ե'ւ երկրի, ե'ւ ընդդիմության, ե'ւ իշխանությունների համար: Նա վիրավորական համարեց ՀԱԿ-ի եւ իշխանության «գործարքի» մասին խոսակցությունները, ընդգծելով, որ ընդդիմությունը իր արժանապատվությունն ու բարոյական համբավը չի փոխի պատգամավորական «20-30 կամ 40 կոճակի հետ»:

«Չի լինի այդպիսի բան», - ասաց նա:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով Մանուկյանի պնդմանը, թե իշխանությունների հետ երկխոսության թեման լինելու է իշխանությունը հանձնելու գործընթացը` հայտարարեց. - «Միամիտ կլինի կարծել, որ իշխող քաղաքական ուժը պետք է գնա դիրքերի հանձնման ճանապարհով: Դա երկխոսություն չի, դա արդեն ուլտիմատում է: Եթե իրենք ուզում են որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում եւ լինել կարեւոր խաղացողներից մեկը, պետք է մասնակցեն պառլամենտական ընտրություններին: Պառլամենտական հերթական ընտրություններից հետո նոր արդեն մեր քաղաքացին կորոշի, թե ում է վստահում»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG