Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դրական է գնահատում 2010 թվականին Հայաստանում սկսված քաղաքական երկխոսությունը: Այդ է փաստում Եվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը հարեւան 12 երկրների վերաբերյալ:

Դիտարկելով անցած տարի իրականացված քայլերը, փաստաթուղթը արձանագրում է, որ պաշտոնական Երեւանը առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում, այդ թվում` քաղաքական երկխոսության ու բարեփոխումների:

«Դրական քայլեր են ձեռնարկվել ներքաղաքական ճգնաժամը հարթելու եւ 2008 թվականի մարտի 1-ից հետո կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու ուղղությամբ», - հայտարարում է կառույցը՝ միաժամանակ ընդգծելով, որ ոչ բոլոր ընդդիմադիրներն են ազատ արձակվել:

Զեկույցի համաձայն, որոշ բարեփոխումներ են արվել նաեւ դատարանների թափանցիկությունը ապահովելու ուղղությամբ, այդուամենայնիվ, «արդարադատության համակարգի անկախությունը շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ», փաստում է Եվրամիությունը:

Դրական, սակայն ոչ լիարժեք են գնահատվել նաեւ հավաքների ու խոսքի ազատությունը ամրապնդելու ուղղությամբ կատարված քայլերը:

«Լրատվամիջոցների բազմակարծությունը մնում է սահմանափակ», - արձանագրում է զեկույցն ու հիշեցնում, որ ԵԱՀԿ-ն քննադատել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված վերջին փոփոխությունները:

Քննադատության արժանացած հաջորդ ոլորտը կալանավայրերն են: «Դեռեւս հաղորդումներ են ստացվում ազատազրկվածների նկատմամբ կիրառվող կտտանքների ու վատ վերաբերմունքի մասին», - փաստում է զեկույցը՝ ընդգծելով, որ 2010-ին առաջընթաց չի արձանագրվել բանտային պայմանները բարելավելու կամ անչափահասների նկատմամբ արդարադատությունը կատարելագործելու ուղղությամբ:

Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Եվրամիությունն արձանագրում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը խոչընդոտել է տնտեսական բարեփոխումների իրագործմանը, աղքատության հաղթահարմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը, այդուամենայնիվ, Հայաստանը կարողացել է խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ որոշ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական անկման ազդեցությունը մեղմելու համար:

«Այս զեկույցը որեւէ երկրի որեւէ բան չի հորդորում կամ պարտադրում, սակայն այստեղ արձանագրված բարեփոխումներից է կախված, թե որքան ֆինանսական աջակցություն կստանա Հայաստանը Եվրամիությունից», - պարզաբանում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Յոզվյակը եւ ընդգծում. - «Հենց այսօր կառույցը որոշեց հավելյալ ավելի քան մեկ միլիարդ եվրո տրամադրել արեւելյան հարեւաններին՝ առաջիկա երկու տարիների ընթացքում։ Ընդ որում, այդ գումարը բաժանվելու է հետեւյալ սկզբունքով՝ որքան շատ բարեփոխումներ, այնքան առավել մեծ ֆինանսական աջակցություն»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG