Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովը սկսեց համաներման մասին որոշման նախագծի քննարկումը:

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր դիմել մայիսի 20-ին: Համաներման որոշումը, Ազգային ժողովի կողմից հաստատման դեպքում, կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Կան նաեւ հաշվարկներ, թե քանի մարդու վրա կտարածվի համարումը: Թվերը ներկայացրեց Արդարադատության նախարարը. - «Պատժից ամբողջությամբ կազատվեն 400 մարդ, եւ այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք եւս կկազմեն մոտ 400»:

Ի տարբերություն 2009-ին հայտարարված համաներման որոշման` նախագահի այս առաջարկում 2008 թվականի մարտի 1-2-ի առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներին վերաբերող առանձին կետ չկա: Արդարադատության նախարարը նույնպես չի հրապարակում, թե ընդդիմադիրներից քանիսի նկատմամբ կարող է կիրառվել այս համաներումը:

Առաջ անցնելով նշեմ, որ այն կկիրառվի մարտի 1-2-ի առնչությամբ կալանավորված, այնուհետեւ ազատազրկված ընդդիմադիրներից Սասուն Միքայելյանի, Արա Հովհաննիսյանի եւ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքում ընդդիմադիր շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք էր հայտնել, որ մինչեւ մայիսի 31-ը ազատ են արձակվելու բանտում մնացած մի քանի ընդդիմադիր գործիչները` այդ թվում խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմությունը պնդում է, որ ազատազրկված իր համախոհները քաղաքական բանտարկյալներ են:

Ազգային ժողովում այսօր բազմաթիվ ելույթներ հնչեցին հանդուրժողականության, քաղաքական խաղաղ համակեցության մասին, թեեւ որեւէ մեկը չհիշատակեց ո'չ ՀԱԿ-ը, ո'չ էլ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջը:

«Մենք պիտի կարողանանք ի վերջո հիմք դնել քաղաքական քաղաքակիրթ երկխոսության մշակույթին», - իր ելույթում ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավելելով. - «Մենք կարեւորում եւ ողջունում ենք այն, ինչը վստահորեն կարելի է ասել` միտված է մեղմելու երկրում կուտակված լարվածությունը եւ խթանելու հանդուրժողականության, համերաշխության եւ միասնականության մթնոլորտի ձեւավորումը»:

Նախագահի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի խոսքը եւս ուղղված էր պետության ներսում հանդուրժողականության մթնոլորտը վերականգնելուն. - «Արդեն ժամանակն է ըմբռնելու եւ գիտակցելու, որ Հայաստանում ոչ թե իրարամերժ մի քանի հանրություններ են ապրում` իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, այլ մեկ ընդհանրական ազգ` իր նպատակներով եւ խնդիրներով: Եվ ես կուզեի, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող այս համաներումը դիտարկենք ոչ միայն որպես բարի կամքի դրսեւորում, այլեւ որպես պատասխանատվության ընկալում, ընկալման մի նոր հավաստում, որպես պետության ներքին կյանքում արմատական փոփոխություններ իրականացնելու հերթական քայլ»:

Դաշնակցությունը համաներումը «ուշացած, բայց կարեւոր քայլ» է համարում: «Երկխոսության անվան տակ իրական սերտաճումը դրսեւորվեց փողոցային ընդդիմության եւ գործող իշխանությունների միջեւ: Եվ սա դրա դրսեւորումներից մեկը պետք է համարել», - իր ելույթում ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համաներման քաղաքական ամենակարեւոր նշանակությունը համարում է այն, որ տարածվելու է մարտի 1-ի առնչությամբ դատապարտված անձանց նկատմամբ:

«Պատկերացրեք, որ եթե Հայաստանում չլիներ կազմակերպված եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն, որ եթե միջազգային հանրությունը անտարբեր վերաբերմունք դրսեւորեր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված, եւ եթե Հայաստանի երրորդ նախագահը իր նախորդի նման լիներ, օրինակ, քինախնդիր… մենք այս համաներումը չէինք ունենա», - հայտարարեց Դալլաքյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG