Մատչելիության հղումներ

Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է համաներման հարցի քննարկումը


Հայաստան - Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար
Հայաստան - Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար

Չորեքշաբթի օրը նախատեսվում է, որ Ազգային ժողովը կքննարկի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը համաներման մասին:

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր դիմել մայիսի 20-ին:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ասել էր, որ համաներման մասին նախագծի քննարկումը խորհրդարանում նախատեսվում է չորեքշաբթի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչպե՞ս է գնահատում այդ ամենը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ պատրա՞ստ է արդյոք երկխոսել իշխանությունների հետ, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Գիտեք, մենք երեք պահանջ ենք դրել` որպես նախապայման երկխոսություն սկսելու համար` արտահերթ ընտրությունների օրակարգով, եւ, բնականաբար, մեզ հետաքրքրում է մեր պահանջների կատարումը, եւ միայն այդ դեպքում կարող է սկսել այն երկխոսությունը, որի մասին մենք արդեն երեք տարի է խոսում ենք: Իսկ թե ինչպե՞ս այդ քայլը կկատարվի` դա իշխանությունների գլխացավանքն է, եւ մենք այդ պրոցեսի մեջ չենք խառնվում»:

«Այսինքն, ունի՞ Կոնգրեսը այն վստահությունը, որ մինչեւ մայիսի 31-ը` այն ժամկետը, որը նշել է նաեւ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմադիր գործիչները ազատ կարձակվեն», - այս հարցին Զուրաբյանը արձագանքեց. - «Համենայն դեպս, իշխանության այն քայլերը, որոնց նրանք գնացին մեր գարնան հզոր միտինգներից հետո, վկայում են այն մասին, որ իշխանությունները, այնուամենայնիվ, ընդունել են որոշում` գնալ երկխոսության: Իսկ եթե այդպես է` ուրեմն, բնականաբար, տրամաբանական է ենթադրել, որ նրանք կկատարեն այն պահանջները, որոնց մասին մենք խոսեցինք»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգողը վստահություն հայտնեց, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան ե'ւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ե'ւ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, եւ հավելեց. - «Դրա մասին խոսվել է դեռ ապրիլի 28-ին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG