Մատչելիության հղումներ

Մայիսի 25-ի մամուլ


Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի վերանշանակման կապակցությամբ «Ժամանակ»-ը գրում է. - «Նարեկ Սարգսյանն այն ճարտարապետն է, որի պաշտոնավարման մոտ հինգ տարիների ընթացքում Երեւանը բետոնապատվեց Գինեսի ռեկորդների գրքում ներկայացված լինելու արագությամբ եւ ծավալով: Ինչ խոսք, նրա պաշտոնավարումից հետո էլ Երեւանն առանձնապես աչքի չի ընկել կանաչապատ տարածքների հանդեպ քաղաքային իշխանության ուշադրությամբ, բայց Սարգսյանի վերադարձը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոն, վկայում է «բետոնե դարի» վերադարձի մասին, կամ «բետոնե դար» մեր վերադարձի մասին: Ընդ որում, խոսքն այստեղ չի սահմանափակվում միայն Երեւանի քաղաքաշինական խնդիրների եւ շրջակա միջավայրի պահպանության համադրության շրջանակներում: Խոսքն ընդհանրապես դուրս է նաեւ Երեւանի շրջանակից: Խոսքն այստեղ հասարակական-քաղաքական շրջանակի մեջ է, եւ իշխանությունն այս նոր նշանակումով պարզապես ցույց է տալիս, որ իրականում, իրական կառավարման ռեժիմում, քարոզչական հոլովակներից եւ հնարքներից դուրս, ինքը թքած ունի հասարակական կարծիքի վրա»:

«Առավոտ» թերթը հետեւյալ հարցն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին. - «ԲՀԿ նախագահը հայտարարեց, թե կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնալու առանձին: Այդ առանձին գնալը արդյոք չի՞ նշանակում, որ կոալիցիոն ուժերի միջեւ կլինի որոշակի առճակատում»: «Որպես կանոն առճակատումները լինում են այն դեպքերում, երբ ենթադրյալ կողմերի մոտ կա թուլություն, որովհետեւ, որպես կանոն, թույլերն են ամեն ինչ տանում առճակատումների դաշտ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մեր կուսակցությունը շատ լուրջ եւ հասարակության կողմից գնահատված քաղաքական ուժ է, եւ իր ուժեղությունը, հզորությունը հասկանում եւ նկատում են բոլորը: Այդ առումով գոնե մեր կողմից այդ թեման արծարծելը դառնում է ավելորդ, եւ եթե այլ ուժեր խնդիրներ կունենան, դրան չեմ կարող ինքս գնահատական տալ: Ավելի հստակ` կարող եմ ասել, բայց իմաստ չունի», - պատասխանում է պատգամավորը: Հարց. - «Որոշ վերլուծություններ են արվում այն թեմայի շուրջ, որ եթե ԲՀԿ-ն առանձին է գնալու խորհրդարանական ընտրությունների, ուրեմն ինչո՞ւ վերաստորագրեց կոալիցիոն հուշագիրը»: Պատասխան. - «Քաղաքական ուժը առաջին հերթին քաղաքական ուժ է նրանով, թե որքանով է ստորադասում կամ գերադասում երկրի շահերը: Մենք այդ ստորագրությամբ գերադասել ենք մեր երկրի շահերը, ոչ թե մեր քաղաքական ուժի շահը: Մեր երկրի նախագահը պետք է կարողանա լիաթոք եւ բարձր մակարդակով հանդես գալ բոլոր ատյաններում` ներքին եւ արտաքին: Այդպիսի հնարավորություն արդեն նախագահը ունի` իր ընտրված լինելով, եւ դրան պետք է գումարվի քաղաքական ուժերի աջակցությունը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե իր պաշտոնավարման տարիների համեմատ Հայաստանում կենսամակարդակը կտրուկ ընկել է, վերջապես «արժանի հակահարված» ստացավ: Բանն այն է, որ նախօրեին կառավարությունը հայտարարել է, թե «հիմնական ազդեցությունը սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա եղել է ճգնաժամը եւ նախկինից ժառանգված արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգը, ինչպես նաեւ ոչ արդյունավետ սոցիալական ենթակառուցվածքները»: Հասկացա՞ք», - հարց է տալիս թերթն ու ինքն էլ պատասխանում. - «Կառավարությանը հարցնում են, թե ինչո՞ւ է տնտեսության վիճակն այսքան աղետալի, սրանք էլ ասում են` որովհետեւ նախկինից շատ ախմախ տնտեսական համակարգ ենք ժառանգել. Մի թեթեւ ցնցում եղավ, որ համակարգը քանդվեց: «Կովկասյան վագրը», պարզվում է, փչովի էր»:

«Երկիր» օրաթերթը դարձյալ անդրադառնում է մամուլի դեմ վերջերս հաճախակի դարձած դատական հայցերին. - «Վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնելու` առայժմ միակ արդյունքն այն է, որ ի հայտ են եկել մարդիկ, որոնք ինքնաարտահայտման եւ ինքնադրսեւորման լավագույն միջոց են դարձրել վիրավորված, զրպարտված լինելու պատճառաբանությամբ լրատվամիջոցներին, լրագրողներին դատարաններ քարշ տալն ու նրանց փաստացի հարստահարելը: Դա ոչ միայն սեփական անձը նման էժանագին մեթոդներով արժեվորելու ձեւ է, այլեւ փող աշխատելու նոր միջոց: Մամուլի դեմ սկսված արշավանքը, որը նորանոր հաջողություններ է արձանագրում ու ծավալվում, հանգեցրել է յուրատեսակ մակաբույծների խմբի առաջացման: Որքանով այս շրջանակը կկայանա, մեծապես կախված է դատական համակարգից ու դատավորներից»:

«Թե ինչու է հարկավոր նոր դեսպանություններ բացել» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ դեսպանատներ բացել-փակելու հարցը լուծվում է սուբյեկտիվ հիմքերով. ինչ-որ քաղաքական դեմքի հարկավոր է հեռացնել երկրից, բայց առանց նեղացնելու, մեկ ուրիշին պետք է հատուկ կարգավիճակ ստանալ տվյալ երկրում, որ բիզնես ծավալի, մյուսը կապեր ունի եւ կարող է դեսպանատան շենքի հարց լուծել կոնկրետ երկրում եւ այլն: Ասենք, մեր տեղեկություններով, այժմ պատրաստվում են Հայաստանի դեսպանատուն բացել Դանիայում, որտեղ մենք շատ փոքր համայնք ունենք եւ գրեթե ոչ մի միջպետական առնչություն»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ըստ էկոնոմիկայի նախարարության, արդեն չորս տարի է, ինչ հիմնախնդիրները չեն փոխվում։ Բայց ամեն տարի կառավարությունը հաստատում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների ծրագիրը եւ միջոցառումների ցանկը» եւ այդ հիմնախնդիրների լուծմանը պետբյուջեից հատկացնում 80-170 մլն դրամ։ Այս տարի եւս 80 մլն դրամ կուղղվի այդ խնդիրների «լուծմանը»»:
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG