Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները Տիգրան Փոստանջյանի հարցով դիմում են միջազգային կառույցներին


Բողոքի ցույց Երեւանում` ընդդեմ Տիգրան Փոստանջյանի ձերբակալության: 11-ը մարտի, 2011 թ.

Բողոքի ցույց Երեւանում` ընդդեմ Տիգրան Փոստանջյանի ձերբակալության: 11-ը մարտի, 2011 թ.

Հայաստանյան մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ կոչ են անում միջազգային կառույցներին միջնորդել երկրի իշխանություններին` դադարեցնելու «Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները»:

Հայտարարության հեղինակները (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Թրասփարենսի Ինթերնեյշնլը, Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն ու եւս 8 կազմակերպություններ) արձանագրում են, թե «2011 թվականի փետրվարի 23-ից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անազատության մեջ գտնվող եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդման անվան ներքո տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ` նրա ընտանիքի անդամին հետապնդելու միջոցով»:

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը, հիշեցնենք, մեղադրվում է «քաղաքացիներից ապօրինի վարձատրություն պահանջելու եւ ստանալու մեջ»: Փոստանջյանը, ըստ դատախազության, 192 հազար դրամ վարձատրություն է ստացել «Սթար» սուպերմարկետի շինարարության նախագծում հայտնաբերված բացթողումներն անտեսելու համար, 40 հազար դրամ` «վաղեմության տեղեկանք» տրամադրելու եւ 100 հազար դրամ` «ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար»:

Ըստ իրավապաշտպանների տարածած հայտարարության` Փոստանջյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը «ընթանում է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով». - «Տիգրան Փոստանջյանն ազատազրկման է ենթարկվել առանց դրա համար պատշաճ հիմնավորման առկայության: Նրա կալանավայրում գտնվելու ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները հարազատների ու ԱԺ պատգամավորների հետ: Նրա նկատմամբ ձերբակալման առաջին օրվանից կիրառվել են հոգեբանական տարբեր ճնշումներ, դրսեւորվել է անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունք: Այս ամենի դեմ իր բողոքն արտահայտելու համար Տիգրան Փոստանջյանը 2011 թվականի մայիսի 11-ից ի վեր գտնվում է հացադուլի մեջ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը ասաց, որ եղել է այն խցում, որտեղ պահվում է իր եղբայրը եւ անմարդկային պայմանները ցնցել են իրեն. 25 քառակուսի մետր տարածքով խցում պահվում է 19 մարդ, չկա օդափոխություն:

«Շուրջ երկու շաբաթ ջուր չէր եղել, զուգարանը գտնվում է հենց այդ խցում` ուտելու տեղից մոտ կես մետր հեռավորության վրա», - ասաց պատգամավորը` շարունակելով. - «Մեկուսարանում կան տարբեր տեսակի խայթող միջատներ… Անտանելի պայմաններ են»:

Տիգրան Փոստանջյանի գործով հերթական դատական նիստը այսօր հետաձգվել է` վկաների չներկայանալու պատճառով:

Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ իր եղբոր դեմ հարուցված քրեական գործը շինծու է եւ իրականում ուղղված է իր դեմ. - «Նպատակը` ճնշումներ գործադրել իմ եւ իմ ընտանիքի անդամների նկատմամբ: Եվ եւս մեկ անգամ դաստիարակչական բնույթի աշխատանք տանել, որ եթե փորձվի մեկը որդեգրել այնպիսի վարքագիծ, ինչպիսին ընդդիմադիր այսպիսի անձն է որդեգրում, ապա կարժանան նման պատժամիջոցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG