Մատչելիության հղումներ

Հայաստանը հաստատում է «պատասխան գործողությունների» իրականացումը ղարաբաղյան շփման գծում


Հայաստանի Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատում է, որ օրերս Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանցի զինծառայողները զոհվել են հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով:

«Դա տեղի է ունեցել մեր կողմից պատասխան գործողությունների, նաեւ ադրբեջանցի դիպուկահարներին պատժելու, ոչնչացնելու գործողությունների արդյունքում», - ասաց Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ անցած ուրբաթ եւ կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ Ֆարիդ Ֆարաջեւը եւ Ռահման Մամեդովը:

Անցած շաբաթ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր. - «Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում: Այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձեւով»:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ տեղի ունեցածը տեղավորվում է նախարարի հայտարարության համատեքստում, Կարապետյանը պատասխանեց. - «Վերջին օրերին ադրբեջանական կողմը ակտիվացրել է իր ռազմական գործողությունները շփման գծում, որի արդյունքում 100-ավոր անկանոն եւ դիպուկահարային կրակ է արձակվել հայկական կողմի ուղղությամբ: Հայկական կողմը պատասխան գործողություններով լռեցրել է այդ կրակակետերը, որի արդյունքում ադրբեջանական կողմից մարդկային կորուստների մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում, իսկ հաճախ նաեւ չեն հայտարարում: Հայկական կողմից տուժածներ չկան, իսկ ադրբեջանական կողմի տուժածների համար պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Երկուշաբթի Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մշակվել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա երկրի ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների եւ ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին:

Դավիթ Կարապետյանը բացատրեց, թե նշված փաստաթղթով պաշտպանության ռազմավարության հատկապես ո'ր ուղղություններն են վերանայվել եւ ի'նչ առաջնահերթություններ են նշվել:

«Վերանայման արդյունքում գնահատվել է Հայաստանի անվտանգության միջավայրը, իրականացվել են նաեւ անվտանգության սպառնալիքների չեզոքացման տարբեր սցենարների մշակում: Քանի որ անվտանգության միջավայրը քարացած երեւույթ չէ, այն ժամանակ առ ժամանակ որոշակի նոր բաղադիչներ է ստանում: Վերանայումը նպատակ ուներ Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը համապատասխանեցնել գոյություն ունեցող սպառնալիքներին», - պարզաբանեց Կարապետյանը:

Նրա խոսքով` վերանայման արդյունքում ստեղծված փաստաթղթերը ուժի մեջ են լինելու մինչեւ 2015 թվականը:

«Դրանք կարող են փոփոխության ենթարկվել, եթե Հայաստանի անվտանգության միջավայրում կտրուկ շրջադարձային փոփոխություններ լինեն», - ասաց Պաշտպանության նախարարի մամլո խոսնակը:

please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG