Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 1-ին առնչվող նորահայտ կադրեր սոցցանցերում


Արտապատկերում YouTube-ում հայտնված մարտի 1-ի դեպքերին առնչվող տեսանյութից

Արտապատկերում YouTube-ում հայտնված մարտի 1-ի դեպքերին առնչվող տեսանյութից

YouTube-ում եւ սոցիալական ցանցերում նախօրեին «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին» վերնագրով կադրեր են տարածվել, որտեղ երեւում է, որ ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում հորիզոնական ուղղությամբ: Կադրերը վերեւից են նկարահանված, գիշերով:

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրանք «շատ լուրջ կադրեր» են, «մեծ ինֆորմացիա» են պարունակում եւ Հատուկ Քննչական ծառայությունը պետք է «լրջորեն ուսումնասիրի այդ տեսանյութը եւ փորձի գտնել կրակողներին»: Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ նախկին Փաստահավաք խումբը ժամանակին ուսումնասիրել է այս կադրերը:

«Այնտեղ մի բան է երեւում, որ ոստիկանության աշխատակիցը կամ աշխատակիցները իրենց տրամադրության տակ եղած ատրճանակներով նշանառու կրակոցներ են արձակում: Կադրերում մենք տեսնում ենք ատրճանակը սպայի ձեռքում, որը ուղիղ, նշանառու կրակոցներ է արձակում: Թող բարի լինեն, պարզեն, թե ատրճանակից կրակող սպան ով է եւ ինչի համար կրակում ցուցարարների ուղղությամբ», - ասաց Քոչարյանը` շեշտելով, որ եթե սպան վախեցնելու համար էր կրակում, ապա պետք է օդ կրակեր, իսկ հորիզոնական դիրքով կրակելիս գնդակը ցանկացած մարդու կարող է դիպչել:

Քոչարյանի խոսքով` կադրերը ակնհայտորեն արվել են Լեո-Պարոնյան հատվածում: Նա նաեւ տեղեկացրեց, որ Փաստահավաք խումբը ժամանակին հարցումներ է ուղարկել ոստիկանություն, սակայն պատասխաններն իրենց չեն բավարարել:

«Նրանք, ըստ էության, խուսափեցին կոնկրետ նշել, թե ով է կրակող սպան` մեկնաբանելով, որ կադրում դեմքը լավ չի երեւում: Սակայն նախաքննական մարմինը հենց նրա համար է, որ նույնիսկ չերեւացող, վատ որակի կադրերի մեջ հայտնաբերեն այն մարդկանց, որոնք իրականացրել են ապօրինի գործողություններ: Եթե ապօրինի չեն, ապա թող վստահաբար ասեն, որ այս մարդը ճիշտ է անում, որ կրակում է մարդկանց ուղղությամբ », - ասաց Քոչարյանը:

Նրա կարծիքով` այս կադրերը կարող են կարեւոր լինել հատկապես մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքների բացահայտման համար: (Դավիթ Պետրոսյանը հրազենային վիրավորումից է մահացել: Ըստ հարազատների` նրա վրա ատրճանակից են կրակել Պարոնյան փողոցի վրա տեղի ունեցող դեպքերը նկարահանելու պահին):

«Դավիթ Պետրոսյանը հրազենային վնասվածք է ստացել թիկունքից: Շատ հնարավոր է, որ այդպիսի պատահական կամ չմտածված կրակոցի արդյունքում է [զոհվել]: Թող բացահայտեն, ճշտեն դա կապ ունի, թե` ոչ: Այդ կադրերը դրանով են արժեքավոր», - կարծում է Քոչարյան:

Մարտի 1-ի հասարակական խմբի համակարգող Առաքել Սեմիրջյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց, որ այս կադրերում պատկերված դեպքերի եւ Դավիթ Պետրոսյանի վիրավորվելու ժամերը համընկնում են:

Հատուկ Քննչական ծառայության ավագ քննիչ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե այս կադրերին եւ հնչեցված պնդումներին կարձագանքեն վաղը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG