Մատչելիության հղումներ

ICG. «Պաշտոնական Երեւանը Ջավախքում կայունացնող դեր է կատարում»


Ախալցխա, Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի վարչական կենտրոն
Ախալցխա, Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի վարչական կենտրոն
«Աղքատությունն ու պետական լեզվի վատ իմացությունը`ահա այն երկու հիմնական պատճառները, որ ստիպում են ջավախահայերին լքել իրենց հայրենիքը`տեղափոխվելով Հայաստան կամ Ռուսաստան»: Այս մասին ասված է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) երեկ հրապարակած զեկույցում:

«Առավելապես հայերով բնակեցված Ջավախքի տարածաշրջանը 1991-ին Վրաստանի անկախացումից ի վեր հավանական պայթյունավտանգ տարածաշրջանների թվին էր պատկանում: Շրջանը գտնվում էր կիսառազմականացված խմբավորումների փաստացի հսկողության ներքո, եւ կապը պետության մնացած հատվածների հետ շատ թույլ էր», - ներկայացնելով 90-ականների իրավիճակը՝ նշում են Ճգնաժամային խմբի փորձագետները։

«2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո շատ օտարերկրացի վերուծաբաններ, մատնանշելով 2005 եւ 2006 թվականներին բռնություններով ուղեկցված ցուցերը, կանխատեսում էին, թե Ջավախքը հաջորդ տարածաշրջանն է դառնալու, որը հանդես կգա առնվազն ինքնավարություն տրամադրելու պահանջով: Վրացական իշխանությունները, սակայն, վերջին շրջանում կարողացան մի շարք հաջողված քայլեր իրականցնել՝ մասնավորապես ամրապնդելով կապերը Վրաստանի այլ շրջանների հետ: Բացի այդ դադարեցվեցին այն ծրագրերը, որոնք ընկալվում էին որպես խտրականության տարրեր պարունակող, նվազեցվեց դեռեւս գործող արմատական խմբերի ազդեցությունը: Վրաստանի իշխանություննեը պետք է շարունակեն այս գործելաոճը`որպեսզի Ջավախքի 95 հազարանոց, առավելապես հայալեզու բնակչությունը իրեն լիակատար կերպով ինտեգրված զգա Վրաստանի պետությանը», - նշում են զեկույցի հեղինակները:

«Ջավախքի բազմաթիվ բնակիչներ իրենց Վրաստանի լիիրավ քաղաքացիներ չեն զգում, ուստի գերադասում են մասնակցել հարեւան Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքին: Հայաստանում գործող ազգայնական խմբավորումներն էլ փութաջանորեն սկսում են նրանց համոզել, որ իրենք վրացական կառավարության խտրական քաղաքականության զոհերն են։ Որպես նման քաղաքականության ապացույց մատնանշվում են Ջավախքում առկա աղքատությունն ու գործազրկությունը, ինչպես նաեւ հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչող օրենքի բացակայությունը: Այդուհանդերձ, նման պայմաններում Երեւանի ներկայիս ղեկավարությունը կայունացնող դեր ունի եւ կարողանում է թուլացնել Ջավախքում առկա լարվածությունը՝ Հայաստանի տարածքում ձերբակալելով ջավախքցի արմատականներին», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները՝ մի շարք կոնկրետ խորհուրդներ ուղղելով Վրաստանի իշխանություններին:

Մասնավորապես, Միջազգային ճգնաժամային խումբը պաշտոնական Թբիլիսիին կոչ է անում մեծացնել հայոց լեզվի դերը` վավերացնելով տարածաշրջանային եւ ազգային փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան: Բացի այդ, զեկույցի հեղինակները նշում են, որ հարկավոր է խթանել մասնավոր ներդրումների հոսքը, բարելավել տարածաշրջանային հեռուստաընկերությունների աշխատանքը՝ համապետական ալիքների հաղորդումները թագմանելով հայերեն:

«Հայաստանում գործող ազգայնական խմբավումներն ու լրատվամիջոցները պետք է աներկբայորեն ընդունեն, որ Ջավախքի հայերը Վրաստանի քաղաքացիներ են եւ զերծ մնան նուրբ խնդիրների քաղաքականացումից», -նշված է ICG-ի հրապարակած զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG