Մատչելիության հղումներ

logo-print
Երեքշաբթի ավարտվել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած զրպարտության եւ վիրավորանքի հայցի քննությունը: Դատարանը իր վճիռը կհրապարակի հունիսի 8-ին:

Արզաքանցյանը, ով նաեւ գինի եւ կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատերն է, «Երկիր» թերթի «131 դեմք ու դիմակ» խորագրով հոդվածում իր մասին արված արտահայտությունները` «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող» եւ այլն, համարում է վիրավորական, իսկ պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» եւ այլն, պատգամավորը «զրպարտություն» է որակում:

Այսօրվա դատական նիստում Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչը ամբողջությամբ պնդեց հայցը` պահանջելով պարտավորեցնել «Երկիր» թերթին հրապարակել պատգամավորի պատասխանը, ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար որպես փոխհատուցում վճարել 3 միլիոն եւ եւս 500 հազար դրամ փաստաբանական ծախսերի համար:

Նախորդ դատական նիստերում «Երկիր» թերթի ներկայացուցիչները վկայակոչել էին մամուլի մի շարք հրապարակումներ, որոնց հիման վրա են արվել հոդվածի եզրակացությունները: Արզաքանցյանի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թերթը, առանց որեւէ հղում կատարելու, հոդվածում չհիմնավորված գնահատականներ է տվել:

«Այն լրատվամիջոցներից մեջբերված հոդվածներ, որոնք վերաբերում էին սույն հոդվածում տեղ գտած փաստերին, իրենց մեջ չէին պարունակում այն նույն բառերն ու արտահայտությունները եւ հոդվածում տեղ գտած բառերի եւ արտահայտությունների բարեխիղճ վերարտադրությունը չէին», - ասաց Հովսեփյանը:

«Երկիր» թերթի ներկայացուցիչները եւս ամբողջությամբ պնդեցին իրենց պատասխանը` Արզաքանցյանի պահանջները որակելով հիմնազուրկ: Թերթի խմբագիր Բագրատ Եսայան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Արզաքանցյանի փաստաբանի դիտարկումը համապատասխան հղումների եւ մեջբերումների բացակայության մասին:

«Եթե ամեն հոդվածում լրագրողը հղում կատարի իր գիտելիքներին եւ իր կարդացած բոլոր հոդվածներին, վստահեցնում եմ, որ այլեւս որեւէ թերթ չի տպվի», - ասաց Եսայանը:

Բագրատ Եսայանը դատավարության ավարտին եզրակացրել է, որ գործում որեւէ քաղաքական միտում չկա, պարզապես պատգամավորի անձնական փորձն է լռեցնել լրատվամիջոցին:

«Ուղղակի տեսնում եմ մեր որոշ քաղաքական գործիչների հղփացածության միտում, երբ նրանք արել են այն, ինչ իրենց մտքով անցել է` առանց մտածելու, որ կգա օրը, եւ այդ մասին ինչ-որ մեկը կհամարձակվի գրել: Գրել ենք, արտացոլել ենք իրականությունը, մարդը կարծում է, որ կարող է դատարան դիմելով փակել բոլոր նրանց բերանը, ովքեր կհամարձակվեն հետագայում գրել իր վարքագծի մասին», - ասաց Եսայանը:

Արզաքանցյանի փաստաբանը դատավարության ողջ ընթացքը գնահատեց նորմալ: Նա ասաց, թե ակնկալում է, որ հայցը ամբողջությամբ կբավարարվի, իսկ պահանջած` օրենքով նախատեսված առավելագույն գումարը համարում է ողջամիտ, քանի որ առավելագույնս է վնասվել Արզաքանցյանի գործարար համբավը:

«Եթե Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված լիներ 10 միլիոն դրամ, մեր կողմից հայցը կներկայացվեր ըստ դրա, այսինքն 10 միլիոն դրամ կպահանջեինք», - ասաց Հովսեփյանը:

«Երկիր»-ի խմբագիրը նշեց, որ հայցը պետք է մերժվի: Ըստ խմբագրի` իրենք ապացուցել են, որ այն, ինչ հրապարակել է թերթը, համապատասխանում է իրականությանը:

«Միշտ չէ, որ տրամաբանությունը եւ արդարությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կայացրած որոշումներին: Հույս ունեմ, որ գոնե այս դեպքում կհամապատասխանեն», - ասաց Եսայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG