Մատչելիության հղումներ

Ծառուկյանը վերահաստատում է խորհրդարանական ընտրություններին միայնակ գնալու մտադրությունը


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին միայնակ է մասնակցելու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին Ազգային ժողովում փոխանցեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` չհերքելով հնարավորությունը, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կարող է նաեւ իր սեփական թեկնածուին առաջադրել:

Դեռ այս տարվա փետրվարին Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը չէր բացառել, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն 3 կուսակցությունները կարող են մասնակցել միասնական ցուցակով: «Միասնական ճակատը կարող է ենթադրել եւ միասնական ցուցակներ, կարող ենթադրել եւ որ յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր համար պայքարել, որից հետո այդ ձայները կհավաքվեն, եւ արդյունքում կոալիցիան ավելի պատկառելի ներկայացվածություն կունենա Ազգային ժողովում», - ասել էր Ծառուկյանի մամլո խոսնակը:

Այսօր, սակայն, ԲՀԿ-ի ղեկավարը խոսում է ընտրություններում իր կուսակցության առանձին մասնակցության մասին:

«Իհարկե, մենակ ենք գնալու, ինչի՞ մասին է խոսքը, դա արդեն ասել ենք: Հզոր ուժերը... Եթե մենք երկրորդ ուժն ենք, փոքրերը պետք է միանան մեծերին», - ասաց Ծառուկյանը` հավելելով, թե կոալիցիոն հուշագիրը նորացրել է, որ «երկրի նախագահն իրեն հզոր զգա»:

Հարցին, թե միգո՞ւցե նախագահական ընտրությունների էլ գնա, Ծառուկյանը բարձրաձայն ծիծաղելով, կեսկատակ պատասխանեց. - «Մնացածը` մյուս դասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG