Մատչելիության հղումներ

Երեք տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է բնակչության 2.4 տոկոսը


Արխիվ -- Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երեւան, 30-ը ապրիլի, 2010թ.
Արխիվ -- Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երեւան, 30-ը ապրիլի, 2010թ.
Կառավարությունը «արտառոց» չի համարում արտագաղթի գրանցված ցուցանիշները։

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հրապարակած տվյալների համաձայն, 2008 թվականին Հայաստանից միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 23 հազար մարդ, 2009-ին երկրից հեռացել եւ չեն վերադարձել մոտ 25 հազար, իսկ 2010-ին՝ 29 հազար 8 հարյուրը։

Ըստ այդմ՝ Միգրացիոն ծառայության պետը ուռճացված է համարում լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությունը, թե միայն 2010 թվականին Հայաստանից հեռացել է 70 հազար մարդ։

«Այսինքն՝ միգրացիոն տեսանկյունից ո՛չ 2009-ին, ո՛չ 2010-ին արտառոց երեւույթներ տեղի չեն ունենում», - երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Գագիկ Եգանյանը։

Թեեւ նույնիսկ պաշտոնական տվյալներով միայն վերջին 3 տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 78 հազար մարդ, Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ, այս թիվը՝ միգրացիայի բացասական մնացորդը, պետք չէ դիտարկել իբրեւ միգրացիա։

«Ուղեւորահոսքը չմեկնաբանենք որպես միգրացիա։ Սա, անշուշտ, կապ ունի միգրացիայի հետ, բայց սա միգրացիա չէ, սա ուղեւորահոսք է», - պարզաբանեց Միգրացիոն ծառայության պետը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին միգրացիայի բացասական մնացորդը «չի ահագնացել», այլ մնացել է «նույն մակարդակի վրա»։
2008-2010 թվականներին Հայաստանից հեռացել է շուրջ 78,000 մարդ

Թե իրականում ըստ պաշտոնական տվյալների որքա՞ն է կազմում արտագաղթը, Գագիկ Եգանյանը խոստացավ տեղեկացնել առաջիկայում։

Ամեն դեպքում, ըստ Միգրացիոն ծառայության պետի, հայերը շարունակում են ավելի շատ մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ մոտ 65 տոկոսը, 10 տոկոսը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մյուս 10 տոկոսը՝ Եվրոպա, 5 տոկոսը՝ նախկին խորհրդային պետություններ։

Հայաստանի քաղաքացիները երկիրը լքում են հիմնականում սոցիալական դրդապատճառներով՝ աշխատատեղի բացակայության, ցածր աշխատավարձի, գործարարությամբ զբաղվելու խոչընդոտների պատճառով։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ Հայաստանից հեռանում են նաեւ քաղաքական դրդապատճառներով։

«Համենայնդեպս, չնչին տոկոսն է դա», - նշեց նա։


«Անցանկալի միգրացիոն հոսք»


Գագիկ Եգանյան
Ասուլիսի ընթացքում Միգրացիոն ծառայության պետը հատուկ անդրադարձավ Ռուսաստանի կողմից իրականացվող «Համերկրացիներ» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի քաղաքացիները բնակվելու նպատակով մեկնում են Ռուսաստանի ծայրամասեր։

Գագիկ Եգանյանը նշեց, թե Հայաստանի կառավարությունն այդ ծրագրի հետ որեւէ առնչություն չունի՝ Ռուսաստանի իրավունքն է նման ծրագիր իրականացնել։ Սակայն Միգրացիոն ծառայության պետը վստահեցնում է, որ մեկնողների թիվը այնքան էլ շատ չէ՝ վերջին 4 տարիների ընթացքում համերկրացիներ ծրագրին մասնակցելու նպատակով դիմել է 26 հազար մարդ, սակայն վերաբնակչի կարգավիճակով Ռուսաստան մեկնել է 1500-ը։ Ըստ Եգանյանի՝ պատճառը ռուսական կողմից առաջարկվող պայմանների ոչ այնքան գրավիչ լինելու հանգամանքն է։

Հիշեցնենք, այս ծրագրով Ռուսաստանը «համերկրացուն» խոստանում է մինչեւ աշխատանք գտնելը 6 ամիս դրամական օգնություն ցուցաբերել, աջակցել բնակարանի եւ աշխատանք գտնելու հարցում, նաեւ հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել։

«Այնտեղ աշխատավարձերը տատանվում են 8-ից 12 հազար ռուբլու շրջանակներում, որից նաեւ վերաբնակիչը պետք է հոգա իր բնակարանի հարցը։ Բնակչությանը արժանահավատ եւ ճիշտ տեղեկություններ տվեք, հակառակ պարագայում՝ մարդկանց հերթեր ենք ստեղծում, սակայն 9-ից ընդամենը 1-ն է դիմում, դիմածներից էլ 5-ից 1-ն է, որ դառնում է վերաբնակիչ», - պայմանների՝ ոչ գրավիչ լինելու մասին իր բնորոշումը պարզաբանեց Միգրացիոն ծառայության պետը։ - «Ամեն դեպքում, մենք շարունակե՞նք դա թմբկահարել, թե՞ ասենք՝ այ, այս ձեւի պայմաններ են առաջարկվում, մինչեւ գնալը, մինչեւ հերթ կանգնելը՝ կշռադատեք ձեր ակնկալիքները, սպասելիքները եւ առաջարկվող պայմանները»։

Գագիկ Եգանյանն ասաց, թե սա, իհարկե, «անցանկալի միգրացիոն հոսք է», բայց հավելեց՝անգամ նախնադարյան համայնական հասարակարգերում մարդիկ տեղափոխվում էին «որսով ավելի հարուստ եւ ավելի բերրի տարածքներ»։

Ի դեպ՝ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ 2011 թվականի առաջին կիսամյակում «Համերկրացիներ» ծրագրով վերաբնակեցում իրականացվել է Ալթայի, Կամչատկայի, Պրիմորյեի, Տյումենի եւ այլ հեռավոր տարածաշրջաններում։

please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG