Մատչելիության հղումներ

Նախկին գյուղապետը վիճարկում է ընտրության արդյունքները


Քվեաթերթիկների հաշվարկ, արխիվ

Քվեաթերթիկների հաշվարկ, արխիվ

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկության նախնական արդյունքներով` ձայների շուրջ 42 տոկոսով ընտրվել է անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:

Ալեքսանյանի հիմնական մրցակցին` գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Նշան Միսակյանին վերընտրվելու համար չի բավարարել 44 ձայն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործող գյուղապետն ասաց, որ չի ընդունում պարտությունը եւ դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պահանջելով վերահաշվարկ գյուղի միակ ընտրատեղամասում:

«Որովհետեւ խախտում է տեղի ունեցել: Ծրար է հայտնաբերվել դատարկ», - ասաց Միսակյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ վերահաշվարկը տեղի կունենա երեքշաբթի օրը: Գործող գյուղապետի հաշվարկներով` ինքը մոտ 800 ձայն պետք է ստանար եւ փորձելու է վերահաշվարկի միջոցով պարզել, թե ինչու է իր օգտին գրանցվել 566 քվե: Նշան Միսակյանի խոսքով` ամենայն հավանականությամբ, ընտրված թեկնածուն ընտրակաշառք է բաժանել: Սակայն ընտրություններում հաղթող ճանաչված Ալեքսան Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «հերյուրանք» որակեց այս մեղադրանքը:

Ըստ մամուլի հրապարակումների` թեեւ Ալեքսանյանը անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունը պաշտպանում է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ալեքսանյանը այս տեղեկությունը եւս կտրականապես հերքեց:

«Իմ հետեւում ընկերներն են կանգնած, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել եւ առայժմ ցանկություն էլ չունեմ», - ասաց Ալեքսանյանը, այդուհանդերձ, հավելելով, թե ինքը «բոլոր կուսակցություններում ընկերներ ունի, բոլոր կուսակցություններն էլ իրեն հովանավորում են»:

Համայնքի ղեկավարի ընտրություններ երեկ անցկացվում էին Արագածոտնի մարզի 5 գյուղերում: Լարվածություն սպասվում էր Օհանավանում, սակայն, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը, դիտորդները, 3 թեկնածուների վստահված անձիք եւ թեկնածուները քվեարկության ավարտին մի քանի տեխնիկական խնդիրներից բացի էական խախտումներ չէին արձանագրել: Օհանավանի համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է մասնակցության բավական բարձր ցուցանիշ` քվեարկել են 1809 ընտրողների շուրջ 80 տոկոսը` 1455 մարդ:

Գյուղապետի երրորդ թեկնածուն` անկուսակցական Ամասիկ Միսակյանը ստացել էր ձայների մոտ 16 տոկոսը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պնդում էր, թե գյուղում լարվածություն կա, քանի որ նախկին գյուղապետ Նշան Միսակյանը խտրականություն է դնում գյուղացիների միջեւ:

Օհանավանցիներից շատերը հաստատեցին Ամասիկ Միսակյանի պնդումները, սակայն ոմանք էլ միաբերան դրական էին գնահատում նախկին գյուղապետի անցած տարիների աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG