Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը կոչ է անում պատրաստվել հերթական ընտրություններին


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի նախագահի` համաներում հայտարարելու առաջարկը կթուլացնի ներքաղաքական լարվածությունը:

«Հանրապետության նախագահի քայլը շատ ճիշտ ժամանակին էր ընտրված: Հասարակությունը պիտի գոհ լինի, որ երկրի նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի երկրում լարվածությունը թուլացնի, գնա երկխոսության», - երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին դիմել էր Ազգային ժողովին` Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով:

Հարցին, թե համաներում կկիրառվի՞ 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիր բոլոր գործիչների նկատմամբ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե աշխատում են, երկու օրից պարզ կլինի: - «Եթե համբերություն ունենաք, մենք երկու օրից կսկսենք այդ քննարկումը, եւ այդ ժամանակ հայտնի կդառնա»:

Նա ասաց, թե համաներման մասին նախագծի քննարկումը նախատեսվում է չորեքշաբթի, քանի որ անհրաժեշտ է, որ ուժի մեջ մտնի այսօր խորհրդարանի մեծամասնության քվեով արագացված ընթացակարգով ընդունված «Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ԱԺ նախագահը կարծում է, թե համաներումը կկիրառվի մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի Անկախության տոնի օրը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, ապրիլի 28-ի հանրահավաքին երեք հրատապ պահանջ ներկայացնելով, հայտարարել էր, թե դրանց կատարման դեպքում իշխանության հետ հնարավոր է երկխոսություն արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանով:

«Յուրաքանչյուր արտահերթ ընտրություն` նախագահական, թե խորհրդարանական, երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում: Քանի որ շատ քիչ ժամանակ է մնացելԱզգային ժողովի ընտրություններին, ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, ընդդիմությանը նախապատրաստվել Ազգային ժողովի ընտրություններին: Իսկ իրենք պատրա՞ստ են արտահերթ ընտրություններին մասնակցելու: Մենք նախապատրաստվում ենք հերթական ընտրություններին, որը տեղի կունենա 2012 թվականի մայիսին», - ասաց ԱԺ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG