Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն


Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Ժնեւում մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին, արխիվ

Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Ժնեւում մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին, արխիվ

Ուրբաթ օրը Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլասիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:

Երեկոյին ներկա էին շուրջ 600 մասնակիցներ՝ ԱՄՆ-ի կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հայ մեծանուն երգչին փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարը, բարձր գնահատական տալով Շառլ Ազնավուր մարդուն, արվեստագետին եւ մեծ հայրենասերին, ասել է, թե երջանիկ է, որ տասը տարի շարունակ լինելով Փարիզում Հայաստանի դեսպանը` Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, եւ նախատեսվում են նորերը:

Նալբանդյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո, Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի Օլիմպիա համերգասրահում:

«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որեւէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը. հիշո՞ւմ ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում, բացականչեց. - «Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը», - վերհիշել է Էդվարդ Նալբանդյանը:

«Վստահ եմ, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել քո հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին։ Եվ նրանց բոլորին, մեզ բոլորիս միավորում ես դու, հիացմունքն ու ակնածանքը քո արվեստի հանդեպ, քո կյանքի հանդեպ, որ ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ պայծառ եւ ուսանելի՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով։ Բոլորի ցանկությունն է, որ անվերջ այդ ֆիլմը անվերջ շարունակվի», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG