Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Փալոնի, Գորդոնի, Բրադկեի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ֆրենկ Փալոնի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորել Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի եւ նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ - ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:

Փալոնը ներկայացրել է հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ ծրագրերը եւ նշել, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ - ամերիկյան հարաբերությունների ամրապնդման:

Ֆիլիպ Գորդոնի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Ռոբերտ Բրադկեի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելությանն առնչվող հարցեր:

Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով է հանդես եկել Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում, որտեղ նրան ողջունել է կենտրոնի ղեկավար, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ, դեսպան Սթրոբ Թելբոթը:

Իր ելույթում Նալբանդյանը ներկայացրել է հայ - ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

Վաշինգտոնից մեկնելուց առաջ Հայաստանի արտգործնախարարը առանձին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ նրանց գործունեությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG