Մատչելիության հղումներ

Արմեն Մովսիսյանը անհանգստացնող ոչինչ չի տեսնում ՄԱԳԱՏԷ-ի ուսումնասիրության մեջ


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով Մեծամորի ատոմակայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների կողմից իրականացվող ուսումնասիրությանը, ասաց, թե որեւէ անհանգստացնող բան չկա:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ է, ինչ ՄԱԳԱՏԷ-ի OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը Հայաստանում համակողմանիորեն ուսումնասիրում է Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը:

«Անհանգստացնող ոչինչ չկա, կայանը աշխատում է իր ամենօրյա ռիթմով: Նման ուսումնասիրությունները պարբերաբար են կատարվում, սա ինչ-որ նորություն չէ: Տարեկան մոտ 2-3 անգամ` տարբեր անվանումներով, բայց նման միջազգային ուսումնասիրություններ միշտ էլ լինում են: Եվ որեւիցե անհանգստացնող լուրջ բան չունենք, տեխնիկական վիճակը բավարար է, դա պարբերաբար է ստուգվում», - ասաց նախարարը կառավարության ուրբաթ օրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների Մեծամորի ատոմակայանում ուսումնասիրությունները կավարտվեն 2 շաբաթից, որից հետո պատկան մարմինները պատրաստվում են հանդես գալ ասուլիսով:

Այսօր Կառավարությունը որոշեց Հայաստանի տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության արտոնագրերը այսուհետ տրամադրել մրցութային կարգով:

Ինչպես պարզաբանեց նախարար Արմեն Մովսիսյանը, ներդրողների կողմից հետաքրքրություն կա, եւ կան տարածքներ, որտեղ երկու ընկերություններ են ցանկություն հայտնել ուսումնասիրություն անցկացնել:

«Դրա համար որոշեցինք այս կարգը սահմանել, որպեսզի կարողանանք երկուսից լավագույնին ընտրել` թե որ մեկը ավելի լավ ծրագիր կառաջարկի տվյալ ուսումնասիրության համար», - ասաց նախարարը` հավելելով, որ ուսումնասիրությունները անցկացվում են ողջ հանրապետության տարածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG