Մատչելիության հղումներ

Նոր մագիստրոսական ծրագիր` եվրոպագիտության ոլորտում


2007 թվականից Երեւանի պետական համալսարանում գործում է Եվրոպական ուսումնասիրությունների գիտաուսումնական կենտրոն, որը բացվել է բուհի եւ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ջանքերով ու տալիս է մագիստրոսական կոչումներ եվրոպագիտությանը վերաբերող երկու մասնագիտացումներով: Այսօր կենտրոնն ունի 28 ուսանող:

Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոն ստեղծելու գաղափարը իրավաբանական գիտությունների թեկնածու, երիտասարդ դոցենտ Արթուր Ղազինյանինն է, ով նաեւ ղեկավարում է կենտրոնը: Սկզբնապես նպատակ են ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հիմնել եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոն եւ եվրոպական ինտեգրման ոլորտում գիտական ու կրթական ինստիտուտ, որը պետք է աջակցեր պետական իրավասու մարմիններին` Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում իրենց կարողությունները զարգացնելու համար:

Այսօր կենտրոնն իրականացնում է կրթական երկու` «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական եւ «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային միջինմասնագիտական մագիստրոսական ծրագրեր: Վերջինիս շրջանակներում կենտրոնը համագործակցում է Արեւելյան գործընկերության 3 պետությունների` Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի ազգային համալսարանների հետ:

Այս տարվա ընդունելության համար հայտերի վերջնաժամկետը հունիսի մեկն է, ուսման վարձը 750 հազար դրամ է:

XS
SM
MD
LG