Մատչելիության հղումներ

Մուսինյան. «Գործընթացները վստահություն են ներշնչում, որ մայիսի 31-ին մեր ընկերները մեզ հետ կլինեն»


Արման Մուսինյան
Արման Մուսինյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջիկա` մայիսի 31-ի հանրահավաքում ծրագրված են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի ելույթները:

Երկու գործիչների նախատեսվող ելույթների մասին ասված է, մասնավորապես, առաջիկա հանրահավաքի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի կողմից բաժանվող թռուցիկներում:

Կոնգրեսի ակտիվիստները դեռ նախորդ` ապրիլի 28-ի հանրահավաքում հայտարարեցին, որ եթե այդ օրը, ընդդիմության բնորոշմամբ` քաղբանտարկյալները հարթակում կանգնած չլինեն, մասնավորապես` Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը, սկսվելու է նստացույց:

Սա երկխոսության ճանապարհին իշխանություններին ընդդիմության առաջադրած երեք պահանջներից մեկն է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «եթե ստացվի այնպես, որ մայիսի 31-ին Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չլինեն Ազատության հրապարակում, այդ դեպքում ընդդիմությունն ի՞նչ քայլերի կդիմի», Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. - «Տրվել է հրապարակային խոստում, որ մայիս ամսին կկատարվի Հայ ազգային կոնգրեսի երրորդ պահանջը, այն է` բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ներկա ստեղծված քաղաքական իրավիճակում եւ ընթացող քաղաքական գործընթացների համատեքստում այլ քայլ, քան մինչեւ մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ նրանց գտնվելը ազատության մեջ, կհակասի ինչպես առողջ բանականությանը, այնպես էլ այս ընթացող գործընթացներին»:

«Գործընթացները մեզ վստահություն են ներշնչում, որ մեր ընկերները մեզ հետ կլինեն մայիսի 31-ի հանրահավաքին», - ընդգծեց Մուսինյանը:

«Իսկ եթե, այնուամենայնիվ, նրանք ձեզ հետ չլինեն, հնարավո՞ր է` ընդդիմությունը պայքարի նոր ալիք սկսի, կամ ի՞նչ հնարավոր տարբերակներ կան», - այս հարցադրմանը Տեր-Պետրոսյանի խոսնակը արձագանքեց. - «Այդ հարցին մենք կանդրադառնանք, երբ արդեն գործ ունենանք կատարված փաստի հետ: Բայց մեծ է վստահությունը, որ մենք նման փաստի հետ գործ չենք ունենա»:

Բանտարկված ընդդիմադիրներին ազատ արձակելը ընդդիմության ներկայացրած երեք հրատապ պահանջներից մեկն է: Հայ ազգային կոնգրեսի մյուս երկու պահանջները կատարվել էին ավելի վաղ` վերացվել է Ազատության հրապարակում հանրահավաքների արգելքը, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահներին պաշտոնապես ցուցում է տվել նոր թափ հաղորդել 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը:

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներ գործիչները մինչեւ մայիսի 31-ը կարող են ազատ արձակվել, եւ հնարավոր է, որ առաջիկայում համաներում հայտարարվի:

Ընդդիմության պահանջները կատարող իշխանությունը, սակայն, դեռեւս շարունակում է բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Ընդդիմությունը զգուշացրել է, որ արտահերթ ընտրությունների պայմանով երկխոսության կգնա երեք պահանջների կատարման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG