Մատչելիության հղումներ

Քլինթոն. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով»


Հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջը, Էդվարդ Նալբանդյանը եւ Հիլարի Քլինթոնը բանակցային սենյակ մտնելուց առաջ մի քանի հայտարարություն են արել լրագրողների համար:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը, մասնավորապես, նշել է. - «Մենք արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, եւ ինձ մեկ անգամ եւս հաճելի է ողջունել նրան Պետդեպարտամենտում: Միացյալ Նահանգները եւ Հայաստանը բազմաբնույթ կապեր ունեն, որոնք ընդգրկում են քաղաքականությունն ու հասնում մինչեւ ընտանեկան հարաբերություններ ու բազմաթիվ այլ ոլորտներ, որոնք շատ կարեւոր են մեզ համար»:

Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ինքն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն, կարեւոր է համարել իրենց միջեւ շարունակվող երկխոսությունը, սակայն այլ մանրամասներ չի հավելել:

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին ջերմ ընդունելության համար:

«Մեր հանդիպումների հաճախակիությունը ցույց է տալիս հայ - ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու մեր հանձնառությունը», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ընդգծել, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները է'լ ավելի են սերտացել:

«Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք որակական նոր մակարդակի բարձրացնել մեր հարաբերությունները, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` ցույց տրված աջակցության, ջանքերի ու մասնակցության համար», - ասել է Նալբանդյանը:

«Վստահ եմ, որ այս հանդիպումը եւս մեկ հնարավորություն կդառնա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական գործընկերությունը ամրապնդելու համար», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Այս խոսքերից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են հանդիպումը փակ դռների ետեւում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Նալբանդյանը եւ Քլինթոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական գործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ նշել է, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG