Մատչելիության հղումներ

Հարցում. Թուրքիայում ազգային փոքրամասնությունները անհավասար վերաբերմունքի են արժանանում


Քուրդ կանայք հակակառավարական կոչեր են հնչեցնում, Ստամբուլ, Թուրքիա, արխիվ

Քուրդ կանայք հակակառավարական կոչեր են հնչեցնում, Ստամբուլ, Թուրքիա, արխիվ

Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հանրության կեսը (49,9 տոկոսը) համոզված է, որ ազգային փոքրամասնությունները չեն կարող ազատորեն արտահայտվել, իսկ 42 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել:

Հարցվածների զգալի մեծամասնությունը՝ 60 տոկոսը, համաձայն է այն պնդումներին, որ քաղաքացիները անհավասար վերաբերմունքի են արժանանում արդարադատության, ոստիկանության, տեղական կառավարման համակարգերում, ինչպես նաեւ գործարար ոլորտում։

Ինչ վերաբերում է անձնական նախասիրություններին, ըստ հարցումների արդյունքների՝ 15 տոկոսը չի ցանկանում ապրել արմատական կրոնական հայացքներ ունեցող մարդկանց հետ, իսկ 11 տոկոսը հակառակը՝ աշխարհիկ մարդկանց չի ընդունում։ Ավելի քան 15 տոկոսը չի ցանկանում ապրել ոչ մահմեդականների հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներին, մեծամասնության կարծիքով իշխանությունը սահմանափակում է մամուլի ազատությունը: Այս կարծիքն են հայտնել ավելի քան 53 տոկոսը, իսկ գրեթե 55,5 տոկոսի կարծիքով լրագրողները վախենում են արտահայտել իրենց մտքերը:

Գրեթե 30 տոկոսի կարծիքով Թուրքիայում ժողովրդավարությունը ավտորիտար դրսեւորում ունի, 23,6 տոկոսի կարծիքով Թուրքիայում լիակատար ժողովրդավարություն է, իսկ մոտավորապես 18 ու կես տոկոսը կարծում է, որ ժողովրդավարությունը Թուրքիայում անբավարար է:

48 ու կես տոկոսի կարծիքով Թուրքիայում արդարադատության համակարգը անկախ է կառավարությունից, իսկ 40 ու կես տոկոսն ասել է, թե արդարադատությունը անկախ չէ։

Հարցումները ընդգրկել են նաեւ առաջիկա ընտրություններին վերաբերող կետեր: Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 12-ին:

Հարցվածների 62,5 տոկոսի կարծիքով կուսակցությունները ընտրությունների մեջ կմտնեն ոչ հավասար պայմաններով, իսկ 34,5 տոկոսը կարծում է, որ ընտրություններին կուսակցությունները կմասնակցեն հավասար պայմաններով։

Հարցումները փորձել են պարզել նաեւ Թուրքիայի քաղաքացիների դիրքորոշումը Սահմանադրության փոփոխության հանդեպ: Փոփոխությունը ենթադրում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն: Սահմանադրական փոփոխություններին դեմ եւ կողմ պատասխանների տարբերությունը մեծ չէ, այնուամենայնիվ՝ 43,5 տոկոսը դեմ է փոփոխությանը, չի ցանկանում, որ Թուրքիայում նախագահական կառավարում լինի, իսկ 40 տոկոսը՝ դրան կողմ է:

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» համար հարցումները անցկացրել է Մետրոպոլ հետազոտական ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Անկարայում: Հարցումները անցկացվել են ապրիլի 6-ից 12-ը, երկրի 26 նահանգներից հարցերին պատասխանել են ավելի քան 1500 մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG