Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ազատ արձակումը հաշտեցման «շատ լավ սկիզբ է»


Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հնչեցնելով Եվրամիության կարծիքը` ասաց, որ «Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիրներ գործիչների ազատ արձակումը շատ լավ սկիզբ է ընդդիմության եւ իշխանությունների հաշտեցման համար, որը կարող է ավելի խորանալ եւ ամրապնդվել ապագայում»:

«Կարծում եմ, շատ խոստումնալից էր Հայաստանի նախագահի ելույթը անցած տարվա դեկտեմբերին, որում նա խոստացավ օրենքի գերակայությանն ուղղված խորը բարեփոխումներ իրականացնել երկրում: Սա հաշտեցման շատ լավ սկիզբ է: Ես նաեւ հանդիպել եմ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի առաջնորդների հետ», - նշեց Բուզեկը` շարունակելով. - «Իհարկե, մենք չգիտենք ապագայում ինչ տեսք կստանան խոստումները եւ որքանով կիրականացվեն: Սակայն ինքնին բավական հուսադրող են այդ խոստումները: Մեզ մնում է միայն սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը անցած շաբաթ հայտարարել է, թե չի բացառում, որ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի գործով հետաքննության շրջանակում հարցաքննության կանչվեն Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը:

Այս կապակցությամբ Եվրախորհրդարանի նախագահը ասաց, թե չէր ցանկանա խոսել այն մասին, թե արդյոք պետք է հարցաքննվի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ դա «բացառապես Հայաստանի ներքին գործն է, եւ դատախազության որոշելիքը»:

Հարցին, թե ինչ է հարկավոր ձեռնարկել ապագայում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու համար, Բուզեկը արձագանքեց, որ առաջին հերթին պետք է ապահովվի օրենքի գերակայությունը, իրականացվի մարդկանց ազատ արտահայտվելու, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը, մամուլի լինի իրապես ազատ, լրամշակված Ընտրական օրենսգրքում նշված կետերը չմնան թղթի վրա»:

«Մենք նաեւ մտադիր ենք ԵԱՀԿ-ի հովանու ներքո Եվրախորհրդարանի դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան` հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին հետեւելու: Այս առաջարկը ընդունվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի կողմից», - հավելեց Բուզեկը:

Եվրախորհրդարանի նախագահի խոսքով` ցանկացած երկրի առաջընթացը պայմանավորված է «ազատ եւ արդար ընտրությունների եւ մարդու իրավունքների հարգման վրա հիմնված ժողովրդավարության, կայունության եւ բարգավաճման համադրությամբ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG