Մատչելիության հղումներ

«Փոխզիջման դեպքում Սերժ Սարգսյանին դժվար կլինի կրկին նախագահ դառնալ»


Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն

Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն

«Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում որեւէ առաջընթաց չկա», - համոզված է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը:

Ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում համեմատելով հարավկովկասյան սառեցված հակամարտությունները` Դելետրոզն արձանագրել է. - «Եթե համեմատելու լինենք Վրաստանի հետ, ապա կարող ենք ասել, որ այնտեղ իրավիճակը եւս բարվոք չէ, սակայն կայուն է, եւ մեծ ցնցումների ակնկալիք չկա: Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը մեզ լրջորեն մտահոգում է: Բանն այն է, որ այստեղ գրեթե ամեն շաբաթ միջադեպեր են տեղի ունենում, եւ շփման գծի երկու կողմից էլ երիտասարդ տղաներ են զոհվում: Եվ սրան զուգահեռ` չկա որեւէ քաղաքական առաջընթաց»:

Դելետրոզը նշել է նաեւ, թե բանակցությունների բնականոն ընթացքին եւ փոխզիջմանը խոչընդոտող գլխավոր գործոններից մեկը Հայաստանում տիրող ներքաղաքական իրադրությունն է. - «Հայաստանում քաղաքական միջավայրն այսօր այնքան էլ դրական չէ` այն առումով, որ երկրի նախագահը լայն հնարավորություններ չունի հարցի լուծման ուղով առաջ գնալու համար: Ես կարծում եմ, որ եթե նա ինչ-ինչ քայլեր կատարի Ադրբեջանի հետ փոխզիջման ուղղությամբ, ապա հետագայում նրան շատ դժվար կլինի հաղթել հաջորդ ընտրություններում: Ադրբեջանում, օրինակ, իրադրությունն այլ է` այնտեղ ուժեղ ընդդիմություն պարզապես չկա»:

Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահը համոզված է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի փոխզիջումային լուծմանը խոչընդոտող հիմնական գործոնը Ադրբեջանում եւ Հայաստանում տիրող հանրային տրամադրություններն են:

«Հանրային կարծիքը երկու կողմում էլ այնքան անզիջում է դարձել, որ անգամ երբ նախագահները նստում են բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջման հասնելը շատ դժվար է: Իսկ խաղաղության հասնել հնարավոր է միմիայն փոխզիջման հիման վրա: Սակայն նախկինում էլ տեսել ենք, թե ինչպես են նախագահները վերադառնում տուն, եւ անգամ փոքր փոխզիջումները հանրության կողմից չեն ընդունվում: Այնպես որ, Ղարաբաղում փակուղային իրավիճակ է, եւ սկզբում հարկավոր է աշխատել հանրային կարծիքի հետ` նախապատրաստելով այն փոխզիջումների», - նշել է Դելետրոզը:

Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահի կարծիքով` պակաս մտահոգիչ չէ այն իրավիճակը, որ ստեղծվել է բանակցային սեղանի շուրջ:

«Մինսկի խմբում մի իրավիճակ է ստեղծվել, երբ կողմերից մեկն ասում է, թե ընդունում է Մադրիդյան սկզբունքների մի հատվածը, իսկ մյուս կողմը հակադարձում է, թե հենց այդ հատվածն իր համար անընդունելի է, եւ հակառակը», - ասել է Ալեն Դելետրոզը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG