Մատչելիության հղումներ

logo-print
Սպիտակ տան հաղորդմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել էր, որ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչը հունիսին ավարտում է եռամյա դիվանագիտական առաքելությունը եւ վերադառնալու է Վաշինգտոն՝ ստանձնելու պետքարտուղարի՝ Հյուսիային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալի պաշտոնը:

Նոր դեսպանի թեկնածուն՝ Ջոն Հեֆերնը, արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում եւ ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն է: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` երկարամյա գործունեության ընթացում դիվանագետը հիմնականում աշխատել է Արեւելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիա, Ճապոնիա, Մալազիա ու Չինաստան: Ավելի վաղ զբաղվել է քաղաքականությամբ, մասնավորապես եղել է Սենատի փորձառու ներկայացուցիչներից մեկի՝ Ջոն Դանֆորսի գրասենյակի տնօրենը։ Ծնվել է Միսուրի նահանգում, ավարտել է Միչիգանի պետական համալսարանը, հինգ երեխաների հայր է։

Հեֆերնի թեկնածությանը անմիջապես արձագանքել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Սենատում դեսպանի հաստատման շուրջ քննարկումներին», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ընդգծելով. - «Այդ քննարկումները ցույց կտան՝ արդյո՞ք Հեֆերնը պատրաստ է միացնել իր սկզբունքային ձայնը Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության ու արդարության ջատագովներին , ինչպես նաեւ նպաստել հայ - ամերիկյան երկկողմանի շահավետ հարաբերությունների ամրապնդմանը»:

Այդ քննարկումներում թիվ մեկ փորձությունը, ըստ Համբարյանի, լինելու է Հեֆերնի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: «Կդիմի՞ նա բառախաղերին ու հռետորաբանությանը՝ ցեղասպանության հստակ ճանաչումից խուսափելու համար, թե՞ ոչ՝ սա է ամենակարեւորը», - հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը՝ հիշեցնելով, որ ժամանակին՝ սենատոր եղած տարիներին, ներկայիս նախագահ Բարաք Օբաման քննադատել էր ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարություններով հայտնի դեսպան Ջոն էվանսի հետկանչը եւ պետքարտուղարին ուղարկած նամակում գրել. - «Սնանկ է այն պետական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին աղավաղել պատմական փաստերը»:

Ազդեցիկ մյուս լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերկայի հայկական համագումարն էլ հայտարարել է, թե լուրջ վերապահումներ ունի Հեֆերնի թեկնածության շուրջ՝ հաշվի առելով դիվանագետի նախկին աշխատանքը Նեբրասկայից ընտրված մի կոնգրեսականի գրասենյակում, ով մշտապես ընդդիմանում էր հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւերին Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում։
«90-ականների կեսերին Ջոն Հեֆերնը աշխատել է Դագ Բերոյթերի գրասենյակում, ով Կոնգերսի ամենաթուրքամետ եւ հակահայ անդամներից մեկն է եղել», - պնդում է Ամերիկայի հայկական համագումարը՝ «Ազատություն» ռադիոկայանին ուղարկած նամակում։

«Հույս ունենք, որ դեսպանի թեկնածուն կկարողանա հաջողությամբ տարանջատել իր անձնական տեսակետները կոնգրեսականի կողմնորոշումներից եւ ներկայացնել Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության, այլեւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի, տարածաշրջանում խաղաղության ապահովման, սահմանների բացման ու ժողովրդավարության հաստատման վերաբերյալ», - հայտարարում է Ամերիկայի հայկական համագումարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG