Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Ժամանակն է վերջնական տեսքի բերել բազային սկզբունքները»


Ֆիլիպ Գորդոնի ասուլիսը Երեւանում, 9-ը հունիսի, 2009թ.
Ֆիլիպ Գորդոնի ասուլիսը Երեւանում, 9-ը հունիսի, 2009թ.
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը չորեքշաբթի օրը Սենատում հայտարարել է, որ ժամանակն է ավարտել աշխատանքը Ղարաբաղյան կարգավորման բազային սկզբունքների վրա:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում փոխպետքարտուղարը ներկայացրել է 112-րդ Կոնգրեսում Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթությունները Եվրոպայի համար` խոսելով նաեւ Կովկասյան տարածաշրջանի մասին:

Գորդոնը, մասնավորապես, ասել է, որ այս տարածաշրջանում պաշտոնական Վաշինգտոնը շարունակելու է հանդես գալ ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների լիակատար պահպանման օգտին, ինչպես նաեւ շարունակելու է խրախուսել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացումը եւ ակտիվացնել համագործակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելու նպատակով:

«Այս առնչությամբ, մենք խորապես հավատում ենք, որ եկել է բազային սկզբունքները վերջնական տեսքի բերելու, դրանք հաստատելու եւ խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու ժամանակը», - հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը իր ելույթում, որի տեքստը տեղադրված է Սենատի պաշտոնական կայքէջում:

«Եվրամիության եւ այլ միջազգային գործընկերների հետ մեր համատեղ ջանքերը տարածաշրջանում առաջընթաց են ապահովել, սակայն տարածքային վեճերը եւ հետագա քաղաքական ու տնտեսական բարեփոխումների նշանակալի բարեփոխումների կարիքը մնում են լուրջ խոչընդոտ կայունության ամրապնդման ճանապարհին», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

«Մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պետք է միասին աշխատեն` խուսափելու համար Եվրոպայում հետագա հակամարտություններից եւ տարածաշրջանի երկրներին օգնելու շարժվել դեպի ժողովրդավարություն, խաղաղություն եւ բարգավաճում», - ասել է Ֆիլիպ Գորդոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG