Մատչելիության հղումներ

logo-print

Նախընտրական հեռակա բանավեճ Էրդողանի եւ Դեմիրելի միջեւ


Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրել, արխիվային լուսանկար

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրել, արխիվային լուսանկար

Թուրքիայում ծավալված նախընտրական արշավը նորանոր սկանդալային դրսեւորումներ է ստանում: «Ազգայնական շարժում» կուսակցության շուրջ ծագած սեքսուալ սկանդալին փոխարինելու եկավ վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի միջեւ սկիզբ առած հեռակա բանավեճը:

Ամեն ինչ սկիզբ առավ թուրքական պարբերականներից մեկի այն հրապարակումից հետո, որի համաձայն` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարները Դեմիրելի հետ են համաձայնեցնում առաջիկա ընտրություններում առաջադրվող թեկնածուների ցանկը: Թուրք լրագրողները պնդում էին, թե 1993-2000 թվականներին Թուրքիան ղեկավարած Դեմիրելը նպատակ ունի հաջորդ գումարման Մեջլիսում կողմնակիցների խումբ ձեւավորել` քաղաքական ասպարեզ վերադարձի համար հող նախապատրաստելով:

Շաբաթասկզբին նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ այս լուրերին է անդրադարձել վարչապետ Ռեջեփ Էրդողանը` հայտարարելով. - «Ես խորհուրդ կտամ նախկին նախագահին զբաղվել իրեն վերաբերող հարցերով: Ինչո՞վ եք դուք զբաղված, պարո'ն Դեմիրել, մեկ մի թերթի եք հարցազրույց տալիս, մեկ` մյուսին: 87 տարեկան եք, բայց շարունակում եք դավեր նյութել»:

Դիմելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուին` Էրդողանը բավական կոպիտ կերպով սաստել է ընդդիմադիր գործչին. - «Սեպտեմբերի 12-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ժողովուրդը ձեզ մի լավ դաս մատուցեց: Այժմ խորհուրդ կտայի ընդդիմադիրներին նստել ուսուցչի` Դեմիրելի ոտքերի մոտ եւ սերտել այդ դասը»:

Ընդդիմության ներկայացուցիչներն ու անձամբ նախկին նախագահը խստորեն քննադատել են Էրդողանի հայտարարությունները:

Milliyet-ին տված հարցազույցում Սուլեյման Դեմիրելն ասել է. - «Նախընտրական արշավի ընթացքում վարչապետ Էրդողանն ինձ հալածանքների է ենթարկում, եւ ազնվորեն խոստովանեմ` չեմ կարողանում հասկանալ, թե ինչու: Ես այլեւս քաղաքականության մեջ չեմ, իսկ ընդդիմության առաջնորդները իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչ է հարկավոր անել: Ես ինչո՞ւ պետք է նրանց ինչ-որ բան թելադրեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG