Մատչելիության հղումներ

Ազատազրկված ընդդիմադիրների հարցը «դրական լուծում կունենա»


Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը եւ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը համատեղ մամուլի ասուլիսում: 18-ը մայիսի, 2011թ.
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը եւ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը համատեղ մամուլի ասուլիսում: 18-ը մայիսի, 2011թ.
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներ գործիչները մինչեւ մայիսի 31-ը կարող են ազատ արձակվել:

Նրա խոսքով` հնարավոր է, որ առաջիկայում համաներում հայտարարվի:

Համաներում հայտարարելու մասին որոշումը, հիշեցնենք, ընդունում է Ազգային ժողովը` Հանրապետության նախագահի առաջարկով:

«Բայց դա իմ անձնական կարծիքն է», - հավելեց Աբրահամյանը: - «Քննարկվում է նախագահականում… Թե ինչ շրջանակ կլինի, ցանկը ովքեր կլինեն` չգիտեմ… Իմ կարծիքով, համաներում էլ կլինի երեւի, որը որ Ազգային ժողով պետք է գա: Չշտապենք: Մեկ շաբաթից հայտնի կլինի: Կարեւորը` որ դրական լուծում կունենա»:

Այսօր Ազգային ժողովում էր Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

Եվրախորհրդարանի նախագահը Եժի Բուզեկը Ազգային ժողովում:

«Մարտի 1-ի դեպքերը Հայաստանի համար բաց վերք են», - անդրադառնալով 2008-ին Հայաստանում տեղի ունեցած հետընտրական իրադարձություններին` ասաց Բուզեկը` շարունակելով. - «Երկու ամենակարեւոր անձինք ինձ հավաստիացրել են, որ տեղի է ունենում արդար քննություն»:

Եվրախորհրդարանի նախագահը հավատում է Սերժ Սարգսյանի այն խոստումներին, թե իշխանությունները պատրաստ են երկրում շատ բան փոխել:

«Եվրոպացիները չեն ուզում պարտադրել ոչինչ: Դա Հայաստանի ընտրությունը պետք է լինի», - ասաց Բուզեկը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Եժի Բուզեկն անդրադարձավ նաեւ ազատազրկված ընդդիմադիրների խնդրին: Հարցին, թե արդյոք քննարկել է Հայաստանի ղեկավարների հետ ընդդիմադիր գործիչների ազատ արձակման հնարավորությունը, նա պատասխանեց, թե «շատ բաց քննարկում է ունեցել»:

«Մի քանի ընդդիմադիրների վերջին շրջանում ազատ արձակելը խոստումնալից որոշում էր: Ինձ հավաստիացրել են, որ բոլոր դեպքերն են արդար եւ պատշաճ քննվելու», - ասաց նա:

Եվրախորհրդարանի ղեկավարը Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է նաեւ դատաիրավական համակարգի անկախության անհրաժեշտությանը, օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:

«Դա կարեւոր է ոչ միայն մարդու իրավունքների, մամուլի ազատության տեսանկյունից, այլեւ տնտեսության համար», - ասաց նա` փաստարելով. - «Որովհետեւ տնտեսության, օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, որ ներդրողները գան Հայաստան»:

Բուզեկի խոսքով` Հայաստանը Եվրամիության համար «վճռորոշ գործընկեր է». - «Հայաստանը, գիտենք, ընթանում է բարեփոխումների ճանապարհով: Դա Հայաստանի իշխանության, նախագահի, ժողովրդի ընտրությունն է… Բայց ես կարծում եմ, որ եթե ցանկանում ես քո քաղաքացիների համար բարեկեցություն հաստատել, լավագույն ճանապարհը ժողովրդավարությունն է»:
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG