Մատչելիության հղումներ

Չեխիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը


Չեխիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում

Չեխիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Բաքվում հայտարարել է, որ Չեխիայի Հանրապետությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այս մասին հաղորդում է չեխական CTK լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Չեխիայի նախագահի Ադրբեջան կատարած եռօրա այցին ու երկու երկրների նախագահների հանդիպմանը:

Երկու երկրների համագործակցության մասին Վացլավ Կլաուսն ասել է, որ Չեխիա ներմուծվող գազի մեկ քառորդը ստացվում է Ադրբեջանից:

Երկուստեք նշել են, որ պետք է զարգացնել, խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, համագործակցության նոր փուլի անցնել:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են Չեխիայի նախագահի ու նրա տիկնոջ պատվին տրված պաշտոնական ընդունելության ժամանակ երկու նախագահների ելույթները:

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանի ամենացավոտ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, որը մինչեւ հիմա լուծված չէ եւ պնդել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Չեխիայի նախագահը ասել է, թե Ադրբեջանը կայունացնող գործոն է բարդ եւ հակամարտող տարածաշրջանում, ինչպես նաեւ մեծ դեր է խաղում եվրոպական երկրների էներգետիկ անվտանգության գործում:

Ադրբեջանի եւ Չեխիայի նախագահները անդրադարձել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ–Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը:

Իլհամ Ալիեւն ասել է, թե Ադրբեջանը մեծապես շահագրգռված է Եվրամիության հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ։
Վացլավ Կլաուսն իր հերթին նշել է, որ Չեխիան Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկն է, եւ հույս է հայտնել, որ այս տարեվերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը առաջ կմղի Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները:

Վացլավ Կլաուսը մասնակցել է նաեւ Բաքվում անցկացված «Արեւելյան գործընկերության երկու տարին. հաջողություններ եւ խնդիրներ» միջազգային համաժողովին:

Այս համաժողովում Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլանդ Կոբիան հայտնել է, որ Եվրահանձնաժողովը հաստատել է Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանին հատկացվող բյուջեն, որը կազմում է 100 միլիոն եվրո: Նա նշել է, որ 2012 թվականի համար ակնկալվում է, որ այն կաճի 75 տոկոսով: Նա նաեւ ասել է, որ առաջիկա շաբաթներին կսկսվեն Ադրբեջանի ու Եվրամիության միջեւ վիզային ռեժիմը դյուրացնելու շուրջ բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG