Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ի նոր տերմինալը շահագործման կհանձնվի տարեվերջին


«Զվարթնոց» օդանավակայանի կառուցվող տերմինալը:

«Զվարթնոց» օդանավակայանի կառուցվող տերմինալը:

Այս տարեվերջին նախատեսվում է ավարտին հասցնել «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի շինարարությունը:

«Տարածաշրջանում մեր օդանավականը, եթե նայենք Ադրբեջանի եւ Վրաստանի հետ համեմատած, մենք երկու անգամ ավելի մեծ հնարավորություններ ունենք թե' ուղեւոր սպասարկելու հնարավորություններով եւ թե' կիրառվող տեխնոլոգիաներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխկյանը:

Նոր տերմինալը, նրա խոսքով, հնարավորություն կտա կրկնապատկել օդանավակայանի ներկա հնարավորությունները. - «Մասնավորապես, մենք ունենք նոր հաշվառման սեղաններ: Ներկայումս գործող 24-ի փոխարեն կունենանք 46-ը: Նաեւ օդանավակայանը կունենա ավելի ընդարձակ տարածք` ե'ւ մեկնման, ե'ւ ժամանման»:

Շխկյանը ընդգծեց, որ օդանավակայանում գործող սակագները չեն վերանայվել 2002 թվականից. - «Մենք չենք նախատեսում որեւէ վերանայում: Սակագները մրցունակ են` համեմատած Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի որոշակի օդանավակայանների հետ»:

Խոսելով տարանցիկ չվերթների մասին` Անդրանիկ Շխկյանը ասաց. - «Տերմինալը ամբողջովին կահավորված կլինի բոլոր անհրաժեշտ պարագաներով, որ մենք ունենանք տրանզիտ ուղեւորներ»:

Օդանավակայանն այսօր սպասարկում է տարեկան 1 միլիոն 100 հազար ուղեւորի, նոր մասնաշենքի դեպքում կարող է սպասարկել մինչեւ 3 միլիոն ուղեւորի:

Նոր մասնաշենքի կառուցման համար վարկային միջոցներ է տրամադրել նաեւ Ասիական զարգացման բանկը, որի տրամադրած միջոցներից պետք է գումարներ հատկացվեն նաեւ օդանավակայանի տարածքում գտնվող 4 շենքերի, այդ թվում` երկու հանրակացարանների բնակիչների վերաբնակեցման համար:

Նոր շինությունը պետք է կառուցվի Բաբաջանյան փողոցում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ օդանավակայանի տարածքում ապրողների համար նախատեսված նոր շենքի շինարարության հողահատկացումն արվել է 10 օր առաջ, եւ օդանավակայանը համապատասխան քայլեր է իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG