Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկահայերի հայցին արձագանքելու համար Թուրքիային 21 օր ժամանակ է տրվել


Թուրքիա - Ինջիրլիքի ռազմաբազան

Թուրքիա - Ինջիրլիքի ռազմաբազան

Միացյալ Նահանգների դատարանը Թուրքիային 21 օր ժամանակ է տվել՝ արձագանքելու ամերիկահայերի ներկայացրած դատական հայցին, որոնք փոխհատուցում են պահանջում 1915 թվականի իրադարձությունների արդյունքում կորցրած կարողությունների դիմաց: Այդ մասին թուրքական Hurriyet-ին ասել է դատական հայցը ներկայացնող փաստաբան Վարդգես Եղիայանը:

Հայցով ցեղասպանության զոհերի ժառանգները պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը յուրացրել է իրենց նախնիներին պատկանող՝ տասնյակ հեկտարների հասնող հողատարածքը, եւ 64 միլիոն դոլար փոխհատուցում պահանջում դրա դիմաց: Այդ հողակտորները գտնվում են հարավային Ադանա նահանգում, որտեղ այժմ տեղակայված է Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան:

«Այս հայցը կարեւոր է ոչ միայն հայ, այլեւ միջազգային համայնքի համար», - ասել է Եղիայանը եւ կարծիք հայտնել, որ այն նախադեպ կդառնա եւ ճանապարհ կբացի նմանատիպ այլ հայցերի համար:

«Թուքիայի կառավարությունն ու պետությունը շահույթներ են ստանում այս սեփականությունների շահագործումից եւ պետք է պատասխան տան իրենց քայլերի համար», - Hurriyet-ին ասել է փաստաբանը, ով նախկինում շահել էր ցեղասպանության զոհերի ժառանգների բազմամիլիոնանոց դատն ընդդեմ երկու ապահովագրական ընկերությունների:

Այս անգամ, սակայն, հայցվորները դատի են տվել ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ թուրքական կառավարությանն ու երկու խոշորագույն դրամատների, որոնցից մեկը Թուրքիայի կենտրոնական բանկն է:

«Թուրքիան խախտել է միջազգային օրենքները եւ ապօրինաբար բռնագրավել օրինավոր տերերին պատկանող սեփականությունը: Բացի այդ, Թուրքիան խախտել է նաեւ սեփական սահմանադրությունն ու Լոզանի պայմանագիրը: Սակայն առավել կարեւոր է այն, որ հետագայում ապօրինաբար ստացված այս տարածքները օգտագործվել են շահույթներ ստանալու համար», - ասել է Վարդգես Եղիայանը:

Դատը ներկայացվել է ցեղասպանության զոհերի երեք ժառանգների՝ Ալեքս Բաքալյանի, Անաիս Հարությունյանի եւ Ռիտա Մահտեսյանի անունից, սակայն փաստաբանը չի բացառել, որ հետագայում դրան կմիանան տասնյալ այլ ամերիկահայեր եւս:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG