Մատչելիության հղումներ

Խոշոր ավտովթարից 4 մարդ զոհվել է, 9-ը` վիրավորվել. 7-ամյա տղայի վիճակը ծանր է


Խոշոր ավտովթար Երեւանում. կան զոհեր եւ վիրավորներ
please wait

No media source currently available

0:00 0:01:59 0:00
Երեքշաբթի երեկոյան Երեւանի Արցախի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում այրվածքներ ստացած 7-ամյա Գոռ Հայրապետյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է: Երեխան այժմ գտնվում է Երեւանի Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ խոշոր վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ, 9-ը վիրավորվել են: Ոստիկանության տվյալներով` իրար են բախվել թիվ 76 երթուղու «Գազել» մակնիշի երթուղային տաքսին եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի արդյունքում մեքենաները հրդեհվել են: «Մերսեդես»-ի եւ «Գազել»-ի վարորդները, ինչպես նաեւ «Գազել»-ի երկու ուղեւորները տեղում մահացել են: Հայտնի են «Մերսեդես»-ի եւ «Գազել»-ի վարորդների ինքնությունները` համապատասխանաբար 24- ամյա Սերգեյ Բախշյան եւ 62-ամյա Աշոտ Հովհաննիսյան: Վթարի ժամանակ «Գազել»-ում գտնվող ուղեւորներից շատերը ստացել են խորը այրվածքներ:

Այրվածքաբանական կենտրոնի ավագ օրդինատոր Կարինե Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե 7-ամյա երեխան խորը այրվածքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում:

«Ստացել է դեմքի, նստատեղի, շեքի, ստորին եւ վերին վերջույթների [այրվածքներ]` մոտավորապես 25 տոկոս այրվածքային մակերես: Երեխան այրվածքային ծանր շոկով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխայի համար 20-25 տոկոս խորը վերքային մակերեսները արդեն բավականին ծանր տրավմա է: Կարող ենք ասել, որ գտնվում է ծանր վիճակում», - ասաց Բաբայանը` հավելելով, թե բժիշկները պայքարում են, որ երեխան առողջանա:

Այսօր միջին ծանր վիճակով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել նաեւ 21-ամյա Գեղամ Գաբրիելյանը` 7-ամյա երեխայի մորեղբայրը, ով 2-րդ եւ 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ ունի դեմքի, պարանոցի, դաստակների, աջ ծնկան հոդի շրջանում, ինչպես նաեւ կտրվածք` գլխի շրջանում: Նա կարողացավ մի փոքր զրուցել «Ազատություն» ռադիոկայանի հետ եւ ասաց, թե դեպքի մասին ոչինչ չի հիշում, քանի որ ուշագնաց է եղել: Միայն հիշում է, որ իրեն հաջողվել է հրդեհով բռնկված «Գազել»-ից հանել քրոջ 7-ամյա երեխային, ինչպես նաեւ իր հղի կնոջը, ով նույնպես այրվածքներ է ստացել:

«Ես միանգամից դուրս եմ եկել, հետո կնոջս ու քրոջս երեխային եմ հանել [երթուղայինի] միջից, հետո էլ մնացածը չեմ հիշում», - ասաց Գաբրիելյանը:

7-ամյա երեխայի հայրը` Գրիգոր Հայրապետյանը, ով նույնպես վարորդ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ միջադեպի համար մեղավոր է նա, ով թույլ է տալիս ցանկացած մեկին նստել ղեկին: Նրա համոզմամբ` «Գազել»-ները իբրեւ փոխադրամիջոց վտանգավոր են:

Առայժմ ոստիկանությունը ձեռնպահ է մնում ասել, թե ով է մեղավոր այս ողբերգական միջադեպի համար: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ եթե «Գազել»-ի փոխարեն նորմալ փոխադրամիջոց լիներ, հնարավոր կլինե՞ր խուսափել մեծաթիվ զոհերից, Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ասաց, թե դեպքը առնչություն չունի մեքենայի տեսակի հետ: Նրա տեղեկություններով` «Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց փողոց եւ հարվածել ճանապարհով ընթացող երթուղայինին:

Նավասարդյանը փաստեց, որ «Գազել»-ը` որպես միկրոավտոբուս նախատեսված է ուղեւորափոխադրումների համար, սակայն համաձայնվեց, որ Երեւանում «Գազել»-ներով միկրոավտոբուսները իսկապես խնդիրներ ունեն եւ անհարմար են:

«Ոչ բավարար սպասարկման տարբերակ է դա», - ասաց նա:

Տրանսպորտի վարչության պետը հավաստիացրեց, որ առաջիկայում կտրուկ կկրճատվի միկրոավտոբուսների քանակը եւ մինչեւ տարեվերջ Երեւան կներկրվեն չինական 150 ավտոբուս: Նավասարդյանի փոխանցմամբ` Երեւան քաղաքը ամբողջությամբ չի կարող սպասարկվել ավտոբուսներով, քանի որ կան նեղ փողոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG