Մատչելիության հղումներ

logo-print
Մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատները մեծ ակնկալիքներ չունեն, որ 10 անձանց մահվան հանգամանքները լիարժեք կբացահայտվեն եւ բոլոր պատասխանատուները կհայտնաբերվեն:

Նախաքննական մարմինը վստահեցնում է, որ «Մարտի 1»-ի գործի նախաքննության ընթացքում նախկինում ձեռք բերված ապացույցների վերանայման շրջանակներում սկսվել է վկաների հարցաքննությունը, հարցաքննության են հրավիրվում ե'ւ նախկինում հարցաքննվածներ, ե'ւ նոր վկաներ: Նաեւ ոստիկաններ են հարցաքննվելու, ինչի գլխավոր նպատակը 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտումն է:

Զոհվածների հարազատները «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ իրենք դեռ չեն հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:

Պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորումից զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե եթե գործի քննությունը նույն մարդիկ ու նույն կառույցներն են իրականացնում, երեք տարի անց նրանք ի՞նչ նոր բան պետք է ասեն. - «Նույն դատախազությունը, նույն քննիչները` այդ մարդիկ երեք տարի առաջ արդեն ինչ անելու էին, արել-վերջացրել են: Նրանք գրել են, գիրքը կազմել են, դրել են արխիվում: Հիմա նորից այդ գիրքը բացելու են, թերթելու են` ի՞նչ պիտի նոր բան ասեն»:

«Ամեն դեպքում, երեք տարի սպասել ենք` էլի կսպասենք», - հավելեց զոհված զինծառայողի մայրը` ընդգծելով, որ եթե ինչ-որ բան պարզվի, ինքը երկու ձեռքով կողջունի:

«Չերյոմուխա - 7» հատուկ միջոցի կիրառումից զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը եւս չի հրավիրվել քննչական ծառայություն, որքան էլ պնդում է, թե ինքը գիտե իր որդու վրա կրակողին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հարցնում է, թե ինչո՞ւ նախ եւ առաջ չեն հարցաքննվում ոստիկանության պաշտոնյաները. - «Թող սկսեն վերեւից: Ցուցարարը հեռու է կանգնել ոստիկաններից` մոտ 100 մետր հեռավորության վրա, ինչպե՞ս ցուցարարը կարող էր տեսնել, թե որ մի ոստիկանը խփեց ցուցարարին: Ուրեմն, սկզբից թող քննեն ոստիկաններին` միջին օղակի ոստիկաններին, գեներալներին, մինչեւ հասնեն գերագույն հրամանատար: Շարքային քաղաքացին երբեք չի կարող ասել, թե ով է կրակել»:

Հատուկ միջոցների կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը լուրջ մտավախություն ունի, որ մահվան հանգամանքները լիարժեք չեն բացահայտվի, բայց «Մարտի 1»-ի բացահայտմանը նոր թափ հաղորդելու մասին պաշտոնական հավաստիացումները կարող են վնասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրենց բողոքի քննությանը:

Մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերից 9-ի իրավահաջորդները Հատուկ քննչական ծառայության եւ գլխավոր դատախազության անգործության դեմ Եվրադատարան ուղարկած գանգատով պահանջում են ճանաչել իրենց իրավունքների խախտման փաստը: Ալլա Հովհաննիսյանը չբացառեց, որ իշխանություններն այժմ ուզում են ժամանակ շահել, որպեսզի ձգձգվի այդ բողոքի քննությունը:

«Միջազգային հանրության աչքերը փակելու համար, որ «տեսեք` մեզ մեղադրում են անգործության մեջ, բայց մենք աշխատում ենք», այդպես կձգձգեն, չգիտեմ, մինչեւ երեւի թե ընտրություններ», - ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG