Մատչելիության հղումներ

Նոր տվյալներ Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերաբերյալ


Երեկ ժամը 21.30-ի սահմաններում Երեւանի Արցախի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել` 9 մարդ:

Ինչպես այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, զոհվածների թվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Սերգեյ Բախշյանը:

Վիրավորների թվում կա 7-ամյա մի երեխա` Գոռ Հայրապետյանը, ով ներկայումս Այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների վկայությամբ` ծանր վիճակում:

Այսօր նույն կենտրոն բերվեց տուժածներից եւս մեկը` 21-ամյա Գեղամ Գաբրիելյանը, որի վիճակը բժիշկները գնահատում են որպես միջին ծանրության:

Մյուս տուժածների ինքնությունը ճշտվում է:

Արցախի 24 շենքի դիմաց երեկ իրար են բախվել թիվ 76 երթուղու «Գազել» մակնիշի երթուղային տաքսին եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետեւանքով երկու մեքենաների մեջ հրդեհ է բռնկվել:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվելու:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG