Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայում Սեւ ծովի շրջանում ապրող համշենցիները ցանկանում են քաղաքական կուսակցություն հիմնադրել, որը պաշտպանելու է ճնշված մարդկանց շահերը:

Նախաձեռնողը համշենցիների համայնքի հայտնի անդամներից Իսմեթ Շահինն է: Նրա անունը ընդգրկված է եղել քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ցուցակում` Թուրքիայում հունիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, սակայն ավելի ուշ հանվել է:

Կուսակցություն հիմնելու մտադրության մասին Շահինը հայտնել է Hurriyet Daily News պարբերականի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում թուրքական պարբերականի հայազգի լրագրողը ասաց. - «Ես Շահինի հետ խոսեցի, ինքը համշենահայ է եւ ցանկանում է քվեարկությունից [ընտրություններից] հետո նոր կուսակցություն հիմնել»:

Զիֆլիօղլուն պարզաբանեց, որ Շահինը չի ներկայացնում նոր ստեղծվելիք կուսակցությունը որպես համշենահայերի կուսակցություն` «միայն ասում է, որ համշենցի են»:

Նախընտրական շրջանում հայազգի 7 թեկնածուներ էին ընդգրկված Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների ցուցակներում, բայց բոլորը դուրս մնացին, հանվեցին ցուցակներից:

Հարցազրույցում Իսմեթ Շահինը ասել է, թե միամիտ կլիներ դրական արդյունք սպասելը: «Արդարություն եւ զարգացում»-ը մինչեւ հիմա հայկական ինքնությունը որպես հայհոյանք է օգտագործում տետ ա տետ վիճաբանություններում», - ասել է նա:

Շահինը ազգայնամոլության մեջ է մեղադրել Թուրքիայի ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններին` ասելով, թե «նույնիսկ մեկ հայ պատգամավորի ներկայությունը խորհրդարանում Թուրքիային կհիշեցնի իր պատմությունը, դա Թուրքիային կստիպի ընդունել իր պատմությունը, որի համարձակությունը Թուրքիան չունի»:

Hurriyet Daily News-ը գրում է, որ համշենցիները ծագումով հայեր են, որոնք դեռ 790 թվականին հաստատվել են Սեւ ծովի արեւելյան` Պոնտոսի շրջաններում, քանի որ արաբները նրանց հայրենիքը գրավել էին: 1480 թվականից այդ շրջանները անցել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ, եւ բնակչությունը մահմեդականացվել է:

Իսմեթ Շահինը ասում է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մարդիկ են պնդում, որ հայտնաբերել են իրենց հայկական ծագումը, հայկական ինքնությունը, բայց նա դա անկեղծ չի համարում, ասում է, թե համշենցիները իրենց միշտ համշենցի են համարել:

«Եթե դուք հարցնեք, թե հայե՞ր են նրանք արդյոք, պատասխանը բացասական կլինի, եթե հարցնեք` թո՞ւրք են, պատասխանը բացասական կլինի: Նրանք ձեզ միայն կասեն, որ իրենք համշենցի են», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG