Մատչելիության հղումներ

Բուզեկ. «Կողմերը պետք է արագ գտնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում»


Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկ
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկ
«Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղը որպես անկախ միավոր չի ճանաչում», - ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում` իր հարավկովկասյան եռօրյա այցի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

Եվրոպացի պաշտոնյայի հանդիպումները Երեւանում կմեկնարկեն մի քանի ժամից: Այսօր Բուզեկը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Եվրախորհրդարանի նախագահը առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Օրվա
Եժի Բուզեկը Ծիծեռնակաբերդում, 18-ը մայիսի, 2011թ., լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
ընթացքում նախատեսված է նաեւ Բուզեկի հանդիպումը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Երեւանյան այցի արդյունքները Եվրախորհրդարանի ղեկավարը կամփոփի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում Եվրախորհրդարանի նախագահը մեկնաբանել է նաեւ եվրոպացի պատգամավորների` մի քանի ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, նշելով. - «Մարդկանց միջեւ շփումների խրախուսումը, առեւտրային կապերի դյուրացումը, օգնության ձեռք մեկնելը, այլ ոչ թե նոր պատեր կառուցելը` սա է Եվրոպական միության որդեգրած քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ, առանց հստակ ինստիտուցիոնալ մանդատի` վիճելի տարածքներ կատարված այցերը չեն կարող օգտակար լինել ո'չ հարցի կարգավորման եւ ո'չ էլ փոխադարձ վստահության ամրապնդման տեսանկյունից»:

Երեւան ժամանելուց առաջ Եվրախորհրդարանի նախագահը ղարաբաղյան կարգավորմանն անդրադարձել է նաեւ հայաստանյան «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, որում, մասնավորապես, նշել է. - «Ես մտահոգված եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության գլխավոր սպառնալիքն է: Բոլոր կողմերը պետք է հնարավորին չափ արագ գտնեն ղարաբաղյան հակամարտության՝ միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղ լուծում: Ամուր խաղաղության ուղի հարթելու համար անհրաժեշտ են իրական ջանքեր, եւ երկու կողմերն էլ պետք է խուսափեն սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից, ռազմատենչ հայտարարություններից եւ պատմության աղավաղումներից»:

Հինգշաբթի օրը արդեն Եվրախորհրդարանի նախագահը կայցելի Վրաստան, իսկ մայիսի 20-ին Բաքվում Եժի Բուզեկին կընդունեն Ադրբեջանի ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG