Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 18-ի մամուլ


«Երկիր»-ը խմբագրականում գրում է. - «Մեր հանրությունը վրդովվում է, երբ հակամարտության գոտում դիպուկահարների կրակոցներից զոհվում են մեր զինծառայողները. հարցը միջազգային հնչեղություն է ստանում, անգամ պահանջներ են հնչում բանակցային գործընթացը դադարեցնելու մասին: Այստեղ, կարծես, ամեն ինչ հասկանալի է. պատերազմը դեռ չի ավարտված, գործում է փխրուն զինադադարը: Սակայն գրեթե նույն պարբերականությամբ տեղեկատվություն է ստացվում Ռուսաստանում սքինհեդական կազմակերպությունների անդամների կողմից, զուտ ազգային հողի վրա` ՀՀ քաղաքացիների սպանությունների մասին: Ռուսական իշխանությունները դրանք գնահատում են որպես խուլիգանական դրդապատճառներից կամ անձնական կոնֆլիկտի հետեւանքով կատարված հանցագործություններ: Եվ այս դեպքում մեր հասարակությունը տարակուսած լռում է»:

«Առավոտ»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ: Նրա խորին համոզմամբ` ժողովրդավարության ճանապարհին Հայաստանը իր «ոտքը պիտի ետ քաշի այդ ռուսական` մեծ եղբոր հովանավորությունից, վերանայի իր կողմնորոշումն ու կամաց-կամաց վեկտորն ուղղի դեպի ժողովրդավարություն, դեպի Արեւմուտք»: «Սա է լուծումը, եւ սա գլոբալ առումով հասկանալ է պետք: Եթե մենք սա հասկանանք` երկիրը դուրս կբերենք այս վիճակից, եթե ոչ` իշխանությունները Քադաֆիի նման մի քանի ամիս կերկարաձգեն իրենց իշխանությունը, բայց այդ ընթացքում մենք կկորցնենք ամեն ինչ: Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ոչ այս մռայլ գույներով, բայց հասկանում են սա»: Հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունը իր հերթին չի՞ փորձի միջամտել Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Ժողովրդավարության առումով Ռուսաստանը եթե ոչ մեր չափ, ապա մեզնից ոչ պակաս խնդիրներ ունի: Եվ դրանք լուծման ուղղությամբ Ռուսաստանի արած քայլերը շատ քիչ են տարբերվում այն քայլերից, որոնք անում են Հայաստանի իշխանությունները: ՌԴ-ն ինքն իր խնդիրներով այդ առումով մեզ տալու բան, դժբախատաբար, չունի: Ես շատ կուզենայի, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր լիներ, եւ մենք նրանից օրինակ վերցնեինք, որովհետեւ մոտ ենք Ռուսաստանին»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը քննարկում է Հայաստանի քաղաքական դաշտի երկբեռեւացման միտումները, որը նկատում vեն թե' փորձագիտական շրջանակները, թե' քաղաքական սուբյեկտները: «Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսած գործընթացը տանում է դեպի այդ երկբեւեռացման՝ մարգինալացման վտանգի տակ դնելով քաղաքական մնացյալ սուբյեկտներին», - գրում է թերթը` շարունակելով. - «Տեսնում ենք, որ կարծես թե Հայաստանում գծագրվում է երկու հիմնական քաղաքական բեւեռ, այսպես ասած` ազգային-պահպանողական` ի դեմս իշխանության, եւ ազատական-դեմոկրատական` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Այստեղ, իհարկե, բնորոշումները ինչ-որ չափով հարաբերական են, քանի որ զուտ գաղափարական առումով երկու բեւեռներում էլ իրավիճակը բավական խառն է: Խոսքը, սակայն, տվյալ դեպքում ընդհանրական բնորոշման մասին է, որով ներկայումս հանդես են գալիս ներքաղաքական խաղի երկու առանցքային սուբյեկտները: Ակնհայտ է նաեւ, որ մյուս սուբյեկտներին մնացել է միայն ընտրել, թե որ բեւեռում են իրենց տեսնում, որտեղ են ուզում տեղավորվել, եթե ունեն քաղաքականության մեջ մնալու ցանկություն: Առայժմ մյուս սուբյեկտները ակտիվորեն փորձում են դիմադրել, ստեղծում են ինչ-որ ճակատներ, դաշինքների ձեւավորման մասին են հայտարարում, քաղաքացիական հավաքներ են նախաձեռնում: Այսինքն` նրանք փորձում են ոչ թե տեղավորվել որեւէ բևեռում, այլ ստեղծել իրենցը, դառնալ, այսպես ասած, երրորդ բեւեռը, թեեւ ըստ էության նրանք ձգտում են լինել երկրորդը, այսինքն` իշխանության հետ խաղում իրենց են առաջարկում Հայ ազգային կոնգրեսի փոխարեն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր իշխանության տարիներին այդպես էլ լուրջ ընդդիմություն չունեցավ: Նրա ընդդիմադիրները ճղճղան-ագրեսիվ ուժեր էին, որոնք ընդամենը խոստանում էին մի 10-15 անգամ բարձրացնել աշխատավարձերը եւ իշխանավորներին կախել մոտակա ծառերից: Հենց այդ լուրջ ընդդիմության բացակայությունն էլ ի վերջո հանգեցրեց պալատական հեղաշրջման, որի հետեւանքներից առ այսօր չենք կարողանում ձերբազատվել: Սերժ Սարգսյանի բախտն այս առումով բերել է. նրա օրոք Հայաստանում լուրջ ընդդիմադիր ուժ է ձեւավորվել: Այսինքն` պալատական հեղաշրջումից նա ինչ-որ իմաստով ապահովագրված է: Մնում է, որ իսկապես փորձի լուծել Հայաստանի առջեւ ծառացած լրջագույն խնդիրները: Կստացվի` շատ լավ, չի ստացվի` շատ արագ տեղի կունենան ընտրություններ»:

«Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. - «ՀԱԿ-ից արդեն դժգոհություններ են լսվում, թե մարտիմեկյան իրադարձությունների քննությունն ակտիվացնելու ընթացքում «մեղավորներին եւ պատասխանատուներին թողած»` ընդդիմության կողմնակիցներին եք հարցաքննում։ Ընդունո՞ւմ եք այս «մեղադրանքը»։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, գլխավոր դատախազության ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նշել է. «Նորից ու նորից պետք է կրկնեմ, որ նախաքննության ընթացքում մարդիկ չեն հարցաքննվում իրենց քաղաքական, կրոնական, ռասայական կամ սեռական պատկանելությունից ելնելով։ Քրեական գործով բոլորը վկաներ են կամ տուժող, կամ մեղադրյալ, կամ կասկածյալ։ Դա սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքով։ Իսկ թե ինչո՞ւ հարցաքննված անձանց մեծամասնությունը ընդդիմության ներկայացուցիչներ կամ համակիրներ են, կարծում եմ, ակնհայտ է. դեպքի վայրում եղել են հիմնականում ընդդիմությանը հարող քաղաքացիներ։ Բնականաբար եթե փորձում ենք ականատեսներ գտնել, որոնք կարող են տեղեկություններ ունենալ տեղի ունեցածի մասին, ուզենք թե չուզենք, նրանց պետք է հրավիրենք որպես վկաների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG