Մատչելիության հղումներ

Նյույորքյան սկանդալի հետեւանքները աղետալի են ԱՄՀ-ի ղեկավարի համար


Դոմինիկ Ստրոս-Կանը ֆրանսիական եւ արտասահմանյան թերթերի առաջին էջերին
Դոմինիկ Ստրոս-Կանը ֆրանսիական եւ արտասահմանյան թերթերի առաջին էջերին
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին բռնաբարության փորձի համար ձերբակալելու լուրը աղետալի հարված է հասցրել ե՛ւ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը, ե՛ւ Արժույթի միջազգային հիմնադրամին։

Փարիզում պաշտոնյաները ցնցված են, նրանք առ այժմ լռում են՝ նկատել տալով, որ պետք է հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքն ու հանդես չգալ հապճեպ եւ չհիմնավորված մեկնաբանություններով։

Ստրոս-Կանի ընդդիմախոսների ճամբարից ոմանք ցավով, ոմանք էլ չարախնդությամբ ասում են` «բայց չէ՞ որ այդ մարդու անառողջ հակումների մասին վաղուց ենք նախազգուշացրել»։ Աջակիցների ճամբարն էլ համոզված է, որ 62-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանը Նյու Յորքում հանցագործություն չի կատարել եւ տեղի ունեցածը թյուրիմացություն է, իրավապահների սխալ, կամ էլ լավ հաշվարկված սադրանք, որի նպատակն է վարկաբեկել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին, ով մտադիր էր սոցիալիստների կողմից առաջադրվել Ֆրանսիայում 2012 թվականի նախագահական ընտրություններում։

Ստրոս-Կանի համար այս նվաստացուցիչ պատմությունը բոլոր առումներով կործանարար է, մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել ընդհուպ մինչեւ 25 տարվա ազատազրկման, ինչը գործնականում կնշանակի ցմահ պատժաչափ։ Քաղաքական առումով, ըստ վերլուծաբանների, նա արդեն դիակ է։ Տգեղ միջադեպը աներեւակայելի ծանր հարված է նաեւ մտերիմների համար` ամուսնու անմեղությունը կասկածի չենթարկող կնոջ, ինչպես նաեւ դստեր համար, որի հետ նա այդ չարաբաստիկ օրը նախաճաշել էր Նյու Յորքում։

Սակայն ոչ միայն Դոմինիկ Ստրոս-Կանն է տուժել, այլեւ երկու կազմակերպություն, որոնց համար նյույորքյան արկածը «PR աղետ» է։ Դժվար է հավատալ, որ հեռուստաէկրանին պատկերված հոգնած ու շփոթված այդ մարդը Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարն է, ով տնօրինել է հարյուրավոր միլիարդներ, որոշել, թե որ երկիրը ինչ չափի վարկ կստանա։

Ֆրանսիացի հեռուստրադիտողն էլ պետք է ուղեղում մի կերպ տեղավորեր այն միտքը, որ այո` հենց Ստրոս-Կանն է համարվել սոցիալիստների հզոր թեկնածուն։ Սոցիալիստական կուսակցության ղեկավար Մարտինի Օբրիի համար այդ կադրերը դիտելը կտտանքների ենթարկվելուն էր հավասար։ Այսօր նա իր կուսակիցներին դիմել է միասնության ու համերաշխության կոչով։ Սոցիալիստներն այսօր պետք է ժողով գումարեն եւ քննարկեն Դոմինիկ Ստրոս-Կանի հետ կապված միջադեպի հետեւանքով ստեղծված վիճակից ելք գտնելու ուղին։ Այս կուսակցությունը 24 տարի չի հաղթել նախագահական ընտրություններում։

Ինչ վերաբերում է ԱՄՀ-ին՝ «Ասոշեյթեդ պրես» գործակալությունը նշում է, որ ավանդույթի համաձայն, Համաշխարհային բանկը միշտ ամերիկացի է ղեկավարել, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` եվրոպացի։ Եվ հիմա Միացյալ Նահանգները կարող է պահանջել, որ Ստրոս-Կանին փոխարինի ոչ թե հերթական եվրոպացին, այլ որեւէ զարգացող երկրի ներկայացուցիչ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն իսկ հայտարարել է, որ պաշտոնը պետք է վերապահվի Եվրոպային։

Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյաները հավաստիացնում են, որ կառույցը շարունակում է բնականոն աշխատանքը։

Դոմինիկ Ստրոս-Կանին մեղադրանք ներկայացնելու եւ խափանման միջոցն ընտրելու խնդիրը քննվելու է մայիսի 20-ին՝ Նյու Յորքի Մանհեթենի դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG