Մատչելիության հղումներ

logo-print

Հայամետ կոնգրեսականն առաջարկում է ավելացնել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը


Ամերիկյան կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը իր գործընկերներին առաջարկում է Հայաստանին եւ Ղարաբաղին հատկացվող ֆինանսական աջակցության ծավալը հասցնել 80 միլիոն դոլարի։

Ներկայացուցիչների պալատի Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ անդամն իր գործընկերներին ուղղված նամակում կոչ է անում համատեղ ուղերձով դիմել Սպիտակ տանը` պահանջելով փոփոխության ենթարկել 2012 թվականի պետբյուջեի նախագծի մի շարք դրույթներ` Հայաստանին հատկացվող ամերիկյան տնտեսական օգնության ծավալը հասցնելով առնվազն 60 միլիոն դոլարի:

Փետրվարի 15-ին ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ներկայացրեց 2012-ի պետական բյուջեի նախագիծը, որով առաջիկա ֆինանսական տարում նախատեսվում էր Հայաստանին ուղղակի ֆինանսական օժանդակության շրջանակներում հատկացնել 40 միլիոն դոլար։ Բացի այդ, Օբաման առաջարկում էր Հայաստանին ռազմական օժանդակության եւ ուսուցման ծրագրի շրջանակներում հատկացնել 3 միլիոն 450 հազար դոլար, ինչը մոտ կես միլիոնով պակաս է Ադրբեջանին հատկացվելիք գումարից:

«Հայաստանը Միացյալ Նահանգների կարեւորագույն դաշնակիցն է Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ ընկած ռազմավարական խիստ կարեւորություն ունեցող տարածաշրջանում: Հայաստանն ընդլայնել է իր աջակցությունն ահաբեկչության դեմ տարվող պայքարին` մայիսի 10-ին հայտարարելով, որ եռապատկում է Աֆղանստանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը», – դիմելով գործընկերներին՝ գրում է Փալոնը՝ հավելելով. – «Հայաստանի ժողովուրդը շարունակում է բախվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող երկկողմ շրջափակման ավերիչ հետեւանքներին։ Այդ գործողություններն անօրինական են, եւ Համաշխարհային բանկի տվյալներով Հայաստանի տնտեսությունը տարեկան 720 միլիոն դոլարի կորուստ է կրում դրա արդյունքում»։

Փալոնը հատուկ ընդգծել է, որ ամերիկյան աջակցությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։

«Մեր ծրագրերը թույլ են տալիս Հայաստանին դիմակայել շրջափակման հետեւանքներին, զարգացնել ազատ շուկան եւ ժողովրդավարական հաստատությունները», – գրել է կոնգրեսականը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Փալոնն իր գործընկերներին կոչ է անում օգնության նոր չափանիշներ ձեւակերպել եւ առնվազն 60 միլիոն դոլար տնտեսական եւ 10 միլիոն ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության անհրաժեշտությանը` Փալոնը գրում է. - «2004-ից 2010-ը ընկած ժամանակահատվածում Պետդեպարտամենտը թերացել է Կոնգրեսի` Լեռնային Ղարաբաղին օժանդակելու հանձնարարությունը կատարելու գործում: Այդ տարիներին նախատեսված 46 միլիոն դոլարի մարդասիրական օգնության փոխարեն Լեռնային Ղարաբաղին է տրամադրվել ընդամենը 13 միլիոնի օժանդակություն: Այդ իսկ պատճառով կենսականորեն կարեւոր է, որպեսզի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը 2012-ի ֆինանսական տարում առնվազն 10 միլիոն դոլար տրամադրի Լեռնային Ղարաբաղին»։

Ամերիկացի կոնգրեսականը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը «հակամարտության արդյունքում ծագած ժողովրդավարության եւ ժողովրդական աջակցություն վայելող կառավարության ձեւավորման օրինակ է»։ Նա նաեւ նշել է, որ պետք է վերացվեն այն բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական սահմանափակումները, որոնք այսօր խոչընդոտում են Միացյալ Նահանգների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղղակի կապերի զարգացմանը:

Անդրադառնալով Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությանը՝ Փալոնը նկատել է. – «Չնայած բոլոր կողմերին պարբերաբար ուղղվող հորդորներին՝ զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարն ու անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` դիպուկահարներին առաջին գծից հետ քաշելու կոչերը»։

Այս ամենը, Փալոնի խոսքով, անհրաժեշտություն է ստեղծում վերադառնալ ամերիկյան ավանդական քաղաքականությանը` պահպանելով հավասարակշռությունը Ադրբեջանի եւ Հայաստանի համար նախատեսված ամերիկյան ռազմական հատկացումներում, եւ ըստ այդմ՝ հաջորդ ֆինանսական տարում Հայաստանին 8 միլիոն դոլար հատկացնել ռազմական ուղղակի օգնության ծրագրի շրջանակներում, եւ 2 միլիոն` ռազմական ուսուցմանն ուղղված խնդիրների լուծման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG