Մատչելիության հղումներ

Քննարկվում են փախստականների բնակարանային խնդիրները


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անիտոնիո Գուտերեշը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անիտոնիո Գուտերեշը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ այսօր Երեւանում տեղի ունեցավ Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովման հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովը:

2004-ից կառավարության մշակած ծրագրով փորձ է արվում արմատապես լուծել Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովության հարցերը, սակայն խնդիրը մինչեւ օրս լուծված չէ: Ավելին` բյուջեով նախորդ տարիներին հատկացվող բնակարանների գնման վկայագրերի գումարները 2010 եւ 2011 թվականների պետական բյուջեում չեն նախատեսվել: Պատճառը, ըստ կառավարության, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է:

«Այսօր էլ փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը: Պատահական չէ, որ փախստականները ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության կրճատման ռազմավարությունում ընտրված են որպես առանձին թիրախային խումբ, իսկ նրանց մշտական կացարանով ապահովելը մշտապես գտնվել է եւ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում», - համաժողովի իր ելույթում ասաց Տիգրան Սարգսյանը:

Մոտ 1200 առավել կարիքավոր փախստականների բնակարանային խնդրի լուծման համար պահանջվում է 45 միլիոն դոլար: Համաժողովի նպատակը խնդիրը լուծելու համար դոնորներ ու կազմակերպություններ ներգրավելն է:

Անտոնիո Գուտերեշը, ով 2006 թվականին այցելել էր փախստականների կացարանները, այսօր ասաց. - «Ես ցնցված էի նրանց ծայրահեղ վատ կենսապայմաններից, որոնք անխուսափելիորեն ազդում են այդ մարդկանց մտավոր եւ ֆիզիկական առողջության վրա»:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հավելեց, որ իրենք ամբողջությամբ աջակցում են համաժողովի միջոցով փախստականների բնակարանային հարցերի լուծման համար օգնություն խնդրելու` Հայաստանի կառավարության ջանքերին:

«Կա լուծում այս իրավիճակին: Պարզապես անհրաժեշտ են միջոցներ», - ասաց Գուտերեշը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն համաժողովից, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Ցանկացած ձեւի մասնակցությունը մեզ համար ընդունելի է, որպեսզի մենք հնարավորին չափ կարճ ժամկետում կարողանանք այս հիմնախնդիրը լուծել Հայաստանի Հանրապետությունում»:

1989-1990 թվականներից Երեւանի «Նաիրի» հյուրանոցում բնակվում են Բաքվից բռնագաղթի ենթարկված 85 ընտանիքներ` շուրջ 160 մարդ: Նրանցից Գայանե Զախարյանը, ով այստեղ ապրում է մոր եւ դստեր հետ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեծ հույսեր ունենք, որ այդ համաժողովում ինչ-որ բան կորոշեն: Մեզ ասացին, որ դոնորներ են գալու, հնարավոր է, որ կարողանան հովանավորել եւ մեր բնակարանների շինարարության գումարների ինչ-որ մասը հատկացնեն: Ամեն տարի խոստանում են, որ այդ տարին վերջինը կլինի, բայց գործնականում ոչինչ արված չէ, միայն խոստումներ են»:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG