Մատչելիության հղումներ

Կենսաթոշակների հետ կապված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել


Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

Դատախազության հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրելով ֆինանսների նախարարությունից ստացված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010 թվականների ընթացքում պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ (շուրջ 305 հազար դոլար) գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս»:

Սոցիալական ապահովության ոլորտում իրենց բացահայտած չարաշահումների մասին անցած շաբաթ հայտարարել էր նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG