Մատչելիության հղումներ

logo-print

«Արդյո՞ք «Եվրատեսիլ»-ի հաղթանակը փայլ կհաղորդի Ադրբեջանին»


Ադրբեջան - «Եվրատեսիլ - 2011»-ի հաղթողներ Էլ եւ Նիկի զույգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հետ

Ադրբեջան - «Եվրատեսիլ - 2011»-ի հաղթողներ Էլ եւ Նիկի զույգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հետ

Գերմանական հեղինակավոր հանդեսներից մեկը` Der Spiegel-ը անդրադարձել է Դյուսելդորֆում ադրբեջանական զույգի «Վախեցած վազելիս» երգի հաղթանակով ավարտված «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

Ադրբեջանը վաստակել է 2012 թվականի «Եվրատեսիլ»-ը Բաքվում անցկացնելու իրավունքը։ Այսպիսով, աշխարհի համար հիմնականում անհայտ այդ երկիրը հաջորդ տարի առնվազն մեկ շաբաթով կհայտնվի 125-150 միլիոն հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում:

«Արդյո՞ք Եվրատեսիլի հաղթանակը փայլ կհաղորդի Ադրբեջանին» վերտառությամբ հոդվածում Der Spiegel-ի մեկնաբանը գրել է, թե հակադրությունների քաղաք Բաքվում կան շքեղ նորակառույց հյուրանոցներ, խանութներ, մեծահարուստների թաղամասեր, թանկ «Մերսեդեսներ» եւ դրանց կողքին` ժանգոտ «Լադաներ»:

Ադրբեջանի 9 միլիոն բնակիչների 40 տոկոսն աղքատ է։ Բաքվից դուրս այդ թշվառությունն ակներեւ է։ Բնական պաշարներից ստացված եկամուտի մեծ մասը մտնում է երկրի վերնախավի գրպանը: Ադրբեջանը բռնապետական եղանակով է կառավարվում, Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը բազմիցս են քննադատել Ադրբեջանի հակաժողովրդավարական քաղաքականությունը։ Մինչդեռ, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները հաճախ զսպում են իրենց քննադատությունը, եւ դա մեծավ մասամբ պայմանավորված է Ադրբեջանի էներգետիկ կարողությունների նշանակությամբ:

«Ադրբեջանում համատարած կոռուպցիա է, Եվրոպայի միջնադարյան ավատատիրության հետ համեմատությունը բնավ չափազանցություն չէ», - նշում է Der Spiegel-ը, ապա ավելացնում, որ ժողովրդավարությունը, իհարկե, Եվրոպայի հեռարձակողների միությանն անդամակցելու նախապայման չէ` Եվրոպայի վերջին դիկտատոր Ալեքսանդր Լուկաշենկայի Բելառուսն էլ մասնակցել է «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչին: Էլ եւ Նիկի զույգը հաջողության է հասել տաղանդի եւ կատարման վարպետության հաշվին: Բայց որքան էլ Եվրոպայի հեռարձակողների միությունը փորձի իրեն զատել քաղաքականությունից, միեւնույն է, գրեթե անհնարին է քաղաքական հարցերը հանել միջազգային մրցույթից, հատկապես եթե մրցույթի կազմակերպիչը չի ճանաչում ժողովրդավարական այն արժեքները, որոնք ընդունված են «Եվրատեսիլ»-ը 1956 թվականին նախաձեռնած արեւմտյան երկրներում:

Ապա Der Spiegel-ը նշում է, որ հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ը կարող է նաեւ Ադրբեջանին ընձեռել նոր իմիջ ստանալու հնարավորություն, այդ երկրի նկատմամբ միջազգային համայնքի լրացուցիչ ուշադրությունը գուցե կստիպի կառավարությանը վերացնել մարդու իրավունքների սահմանափակումները, նոր ազատություններ շնորհել: Բայց կարող է պատահել նաեւ հակառակը. «Եվրատեսիլ»-ը` ճիշտ Էլ եւ Նիկի զույգի հաղթական երգի վերնագրին համապատասխան, «վախեցած վազի» Ադրբեջանից այն դեպքում, եթե այդ երկրի կառավարությունը այդպես էլ քայլեր չանի միջազգային վարկը բարելավելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG