Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 1-ի գործով նաեւ ոստիկաններ կհարցաքննվեն


2008-ի մարտի 1-ի բախումների արդյունքում հրդեհված մեքենա, արխիվ

2008-ի մարտի 1-ի բախումների արդյունքում հրդեհված մեքենա, արխիվ

Հատուկ Քննչական Ծառայության ավագ քննիչ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործի նախաքննության ընթացքում նախկինում ձեռք բերված ապացույցների վերանայման շրջանակներում սկսվել է վկաների հարցաքննությունը: Հարությունյանի խոսքով` հարցաքննության են հրավիրվում եւ նախկինում հարցաքննվածներ, եւ նոր վկաներ:

Վահագն Հարությունյանը հավաստիացրեց, որ նաեւ ոստիկանության աշխատակիցների են հարցաքննելու, իսկ հարցաքննությունների գլխավոր նպատակը 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտումն է: Նա նաեւ ասաց, թե Հայաստանի նախկին եւ ներկա նախագահներին հարցաքննելու խնդիր այս պահին չկա, նման որոշում դեռ չի կայացվել:

«Երբ քննության շահից ելնելով նպատակահարմար գտնենք, այդ հարցի լուծումը կտրվի», - ասաց Հարությունյանը:

Նա հաստատեց, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի կազմը համալրվել է նոր քննիչներով եւ չբացառեց անհրաժեշտության դեպքում քննությանը միջազգային փորձագետներ ընդգրկելու հնարավորությունը:

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ քննչական գործողությունների ակտիվացումն իր համար առայժմ տեսանելի չէ (նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին հայտարարեց, որ Մարտի 1-ի բացահայտման գործում «նոր թափ» է ակնկալում):

«Առայժմ չեմ տեսնում, որ Մարտի 1-ի պատասխանատուները որեւէ անհանգստության նշաններ ցույց տան, բացի Ռոբերտ Քոչարյանից եւ Տիգրան Թորոսյանից», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նախօրեին Հատուկ Քննչական ծառայությունը հայտարարեց, որ փնտրվում է «Ժիգուլի» մակնիշի սպիտակ այն ավտոմեքենան եւ վարորդը, որը Մարտի 1-ի զոհերից մեկին` Դավիթ Պետրոսյանին Մաշտոցի պողոտայի շուկայի մոտակայքից տեղափոխել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց: Դավիթ Պետրոսյանը հրազենային մարմնական վնասվածքից էր զոհվել: Ըստ հարազատների` նրա վրա ատրճանակից են կրակել Պարոնյան փողոցի վրա տեղի ունեցող դեպքերը նկարահանելու պահին:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով առաջնահերթ պետք է գտնել Դավիթ Պետրոսյանի վրա կրակողին:

«Որովհետեւ նրա հրազենային վնասվածքը 9 մմ-անոց ատրճանակի կրակոցի արդյունքում է եղել եւ թիկունքից: Նախաքննական մարմինը պետք է նաեւ դա կարողանար մինչեւ հիմա պարզել, թե կրակոցը որտեղ է եղել, ինչ հեռավորության վրա»

Մարտի 1-ի հասարակական խմբի համակարգող Առաքել Սեմիրջյանի փոխանցմամբ` Դավիթ Պետրոսյանի գործով կան երեք վկաներ, ովքեր դեպքի վայրում են եղել, կան նաեւ տեսանյութեր, որոնք կարող են օգնել քննությանը: Ըստ նրա` կադրեր կան հենց այն նույն ժամից, երբ վիրավորվել է Դավիթ Պետրոսյանը: Կադրերում, Սերմիրջյանի խոսքով, ոստիկանները «Մակարով» տեսակի ատրճանակներից կրակում են ցուցարարների ուղղությամբ:

«Հնարավոր է, որ այդ պատահական կրակոցներից մեկն է դիպել Դավիթ Պետրոսյանին», - ենթադրում է Սեմիրջյանը:

Անդրանիկ Քոչարյանն էլ կարծում է, որ «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցից զոհվածները գործի բացահայտումը պետք է ամենահեշտը լիներ նախաքննական մարմնի համար, քանի որ «հայտնի են եւ զոհերը, եւ կատարողները, բայց առայժմ այս առումով գործում տեղաշարժ չկա»:

«Ինչքան էլ իրենք փորձեն արդարանալ, թե չեն կարողանում նույնականացնել զենքը, աշխարհում 1000-ավոր հանցագործություններ են կատարվում այնպիսի զենքերից, որոնք նույնականացնելը գործնականում անհնար է: Բայց դա չի նշանակում, որ հանցագործությունը պետք է չբացահայտվի: Այստեղ նորից գալիս հանգում ենք ապօրինի հրաման տվողներին: Ակնհայտ էր, որ այդ հրաման տվողները հայտնի մարդիկ են, այսօր էլ նրանցից շատերը զբաղեցնում են նույն պաշտոնները: Պետք էր գոնե նրանց պաշտոնեական դիրքի չարաշահման համար ազատել զբաղեցրած պաշտոններից: Սա էլ արված չէ», - ասաց Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG