Մատչելիության հղումներ

logo-print

ԿԲ-ի նախագահը վստահեցնում է, որ «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը կասեցված չէ


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հայաստանի կենտրոնարական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փորձեց փարատել մտահոգությունները, թե ֆինանսների սղության պատճառով դադարեցված է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանքիներին» պետական հիպոթեկային ծրագիրը:

«Կասեցված չէ, գործընթացը նորմալ գնում է», - ասաց Ջավադյանը` շարունակելով. - «Հնարավոր է, որ որեւէ բանկ ինքնուրույն ինչ-որ խնդիր ունենա եւ հնարավորություն չունենա… Գործընթացը կանգնեցված չէ: Ավելին` մենք այս տարի նախատեսած ունենք նոր գումարներ եւ կավելացնենք»:

Դիտարկմանը, թե հատկապես մարզերում առեւտրային բանկերը հրաժարվում են այս ծրագրով վարկեր տրամադրել, Ջավադյանը արձագանքեց. - «Ինձ զարմացնում են այդպիսի դեպքերը: Այդ մարդիկ նախեւառաջ դիմում են բանկին, եթե բանկը համաձայնություն է տալիս, բանկը վերաֆինանսավորվում է վարկային կազմակերպության կողմից: Ուրիշ բան, որ մենք ուղղակի խորհուրդ ենք տվել բոլոր բանկերին, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն մարզերին, ոչ թե Երեւան քաղաքին: Եթե իրենց ինչ-որ մեկը մերժում է, թող գնան մյուս կազմակերպությունը: Հնարավոր է, որ իրենց մերժում են այլ պատճառներով: Բայց կանգնեցված չէ, կասեցված չէ: Ավելին` ընդլայնվում է նրա գործունեությունը»:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նույնպես պնդեց, թե ծրագիրը չի դադարեցվել, այլ «ընթացքում պարբերաբար փոխվում են պայմանները». - «Կարող է որոշակի տիպի պայմաններ բավարարվեն, որոշակի տիպի պայմաններ չբավարարվեն… Ծրագիրը չի կանգնեցվում, պետությունը շարունակում է սուբսիդավորել, կառավարության հաստատած որոշման համաձայն, բոլոր պարամետրերը պահվում են: Բայց այն ընթացակարգը, որը վարկերն ունեն որպես վարկային պայմաններ` վճարումների քանակ, հաճախականություն, ով կարող է դիմել, երբ կարող է դիմել, մնացած բոլոր բաները կարող են փոփոխվել: Կարող են ինչպես խստանալ, այնպես էլ ավելի թուլանալ` կախված նրանից, թե ինչպիսին է պրակտիկան»:

Մասնավորապես, նախկինում 2 տոկոսի փոխարեն մարզերում տրամադրված հիպոթեկային վարկերի համար պետությունը այժմ սուբսիդավորում է 4 տոկոսը, ինչը նշանակում է, որ մարզերում վարկառուի համար տոկոսը կկազմի 6.5-7:

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում մայիսի 16-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 404 վարկ` 3 միլիարդ 200 միլիոն դրամ ընդհանուր գումարով:

Գյումեցի Արմինեի խոսքով, իրենց ընտանիքի համար այս ծրագիրը բնակարան ձեռք բերելու միակ հնարավորությունն էր: Սակայն Արմինեն դժգոհ է. - «Որովհետեւ պայմանները բավականին բարդ են ու ամենեւին էլ մատչելի չեն»:

Սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրը ներդրվել է 2010 թվականի սկզբին եւ ներկայացվում է որպես Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրականացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG