Մատչելիության հղումներ

Կմասնակցի՞ Հայաստանը «Եվրատեսիլ -2012»-ին


Շաբաթ երեկոյան Էլլ եւ Նիկի զույգին տված Եվրոպայի հեռուստադիտողների ձայների մեծամասնության շնորհիվ որոշվեց «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման հաջորդ երկիրը` Ադրբեջան:

2011-ի համաեվրոպական երգի մրցույթին, հիշեցնենք, ադրբեջանական զույգը հավաքեց ընդհանուր հաշվով 221 միավոր:

Մրցույթից անմիջապես հետո տված հարցազրույցում, որը տեղադրված է «Եվրատեսիլ»-ի կայքում, հաղթողները խոստովանել են, որ չէին սպասում, թե կհաղթեն. - «Ոչ, չէինք սպասում: Միայն հույս էինք փայփայում, որ կհաղթենք»:

Ադրբեջանի` հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո համացանցի հայկական տիրույթներում սկսվեցին ու դեռ չեն դադարում քննարկումները, թե` կմասնակցի՞ Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի այդ հարցին` նշելով, որ «Եվրատեսիլ»-ի հետ կապված «առայժմ մեկնաբանություններ չեն արվում»:

Եվրոպական հեռարձակողների միության արտադրության գծով տնօրեն Յոն Օլա Սանդը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես պետք է կարգավորվի Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ 2012»-ին, Ժնեւից հեռախոսով պատասխանեց. - «Մենք ակնկալում ենք, որ հյուրընկալող կողմը, որը Եվրոպական հեռարձակողների միության պատասխանատու գործընկերն է, կապահովի յուրաքանչյուր պատվիրակության անվտանգությունը, որը կժամանի Ադրբեջան, Բաքու: Եվ բացառություններ չպետք է լինեն»:

Իսկ հարցին, թե կթույլատրվի հայ հանդիսատեսի, ինչպես նաեւ դրոշների ու նման այլ սիմվոլիկայի առկայությունը, Յոն Օլա Սանդը արձագանքեց. - «Ամեն ինչ պիտի լինի այնպես, ինչպես ամեն տարի «Եվրատեսիլ»-ում: Ադրբեջանի համար մենք բացառություններ չենք անելու»:

«Ազատություն» ռադիոկայանը նաեւ փոքրիկ հարցում է անցկացրել Երեւանի փողոցներում` փորձելով պարզել, թե ինչ են մտածում մարդիկ «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցության մասին:
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG